Տրանսպորտի թանկացման նախագիծը հանվել է ավագանու նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի․ փոխքաղաքապետ

Տրանսպորտի սակագնի թանկացման նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների, քննադատություններ առարկա է դարձել՝ Գրիգորյանը վստահեցրել է, որ «բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում»։

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ ինքն է խնդրել քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն, ում օրերս Երևանի ավագանին զրկեց նաև մանդատից, այսօր շնորհավորեց երևանցիներին այս նախագծի ետկանչման առիթով՝ նշելով, որ սա երևանցիների հաղթանակն է։

«Սա որոշում էր, որը մեր ժողովուրդն ուղղակի մերժեց՝ երևանցիները մերժեցին, և սա նաև ապացուցեց, որ իրենք բացարձակ ունակություն չունեն կառավարելու, չեն հասկանում ժողովրդի շունչը, չեն մտնում մարդկանց վիճակի մեջ, տեղյակ չեն ոչ մի բանից, չեն անում ոչ մի հաշվարկ, յուրաքնյուր որոշումն ընդունվում է պահի տակ՝ առանց մտածելու, առանք քննարկելու և գիտակցելու հետևանքները», - Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Մարությանը՝ կրկին շեշտելով, որ քաղաքն իր բյուջեից պետք է տրանսպորտի համար սուբսիդիա տրամադրի։

Մարությանը հայտարարել էր, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքար է սկսելու՝ շեշտելով՝ ինչպես տարիներ առաջ են սեփական մեքենաներով փողոց դուրս եկել, որ տրանսպորտի սակագինը 100-ից չդառնա 150 դրամ, նույնը հիմա են անելու:

Նախկին քաղաքապետն ասել էր, թե եվրոպական ոչ մի երկրում այսպիսի բարձր գներ չի տեսել, սա համարում է թալան։

Քաղաքապետարանը նախագծով տարեկան 110 հազար դրամ էր առաջարկում մեկ անձի համար (1000 ուղևորություն), ամսական փաթեթը մեկ անձի համար՝ 11 հազար դրամ (60 ուղևորություն), եռամսյակայինը՝ 25 հազար դրամ (180 ուղևորություն)։ Նոր սակագները կգործեին սեպտեմբերից, եթե Երևանի ավագանին փետրվարի 13-ին կայանալիք նիստում կողմ քվեարկեր նախագծին։ Քաղաքային իշխանությունները թանկացման անհրաժեշտությունը պայմանավորում էին ուղևորափոխադրումների բարձր ինքնարժեքով։ Քաղաքապերանը, սակայն, չէր պարզաբանում, թե ինչ մեթոդով է այս թվերը ստացել։

Քաղաքապետարանի այս նախագիծը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց քաղաքացիների շրջանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որքա՞ն կծախսի ընտանիքը մեկ տարում Երևանում Ա կետից Բ կետը գնալու համար. ինչ է առաջարկում նախագիծը