Իսրայելի վարչապետը մերժել է Գազայում հրադադարի մասին «Համաս»-ի առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի առաջարկած հրադադարի պայմանները՝ ասելով, որ Գազայում «լիակատար հաղթանակ» հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում։

Ընդգծելով, որ «Համաս»-ի հետ բանակցությունները «ոչ մի տեղ չեն տանում»՝ Նեթանյահուն «տարօրինակ» է որակել առաջ քաշված պայմանները, հաղորդում է BBC-ին:

«Այլ լուծում, քան ամբողջական և վերջնական հաղթանակն է, չկա», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նեթանյահուն։

Reuters-ը հրապարակել է ծայրահեղական «Համաս»-ի երեք փուլից բաղկացած պայմանները։ Ըստ այդմ, առաջին փուլով, «Համաս»-ը պահանջում է մարտերի 45-օրյա դադար։ Դադարի ընթացքում իսրայելցի պատանդ կանայք, մինչև 19 տարեկան տղամարդիկ, ծերերն ու հիվանդները կփոխանակվեն իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի կանանց և երեխաների հետ: Իսրայելական ուժերը դուրս կգան Գազայի բնակեցված շրջաններից, և կսկսվի հիվանդանոցների և փախստականների ճամբարների վերականգնումը։ Հաջորդ փուլով՝ իսրայելցի մնացած պատանդները կփոխանակվեն պաղեստինցի գերիների հետ և իսրայելական ուժերը ամբողջությամբ կհեռանան Գազայից։ Երրորդ փուլով՝ կողմերը աճյուններ ու մասունքներ կփոխանակեն:

Եգիպտոսի պաշտոնական աղբյուրը BBC-ին հայտնել է, որ Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլ է սպասվում այսօր Կահիրեում։

Ըստ աղբյուրի՝ Եգիպտոսը կոչ է արել կողմերին անհրաժեշտ ճկունություն ցուցաբերել՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ խոսել է Գազայում ցածր ինտենսիվության գործողությունների անցնելու մասին