ՔՊ-ն «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն կներկայացնի

«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնել, «Ազատությանն» ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով կա 7 մեղադրյալ, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության, 3-ը՝ «Սիներջի»-ի ներկայացուցիչ: Ազատազրկված են միայն ՏՏ ընկերության գործող տնօրենը, բիզնեսի զարգացման կառավարիչն ու նախկին աշխատակից՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը։ Ի տարբերություն նրանց՝ պաշտոնյաների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, մեկի դեպքում էլ՝ բացակայելու արգելքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մտացածին սկանդալ». Քերոբյանը՝ «Սիներջի» ընկերության և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին առնչվող գործի մասինԿոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Կալանավորված կանանց խափանման միջոցը փոխելու իշխանականների նախաձեռնությունն արդյո՞ք պայմանավորված է Ալեն Սիմոնյանի անձով. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բացասական պատասխան տվեց, որոշումն էլ, ասաց, կայացրել են նաև հանրային ազդակները հաշվի առնելով:

«Հատկապես հաշվի է առնվել այն, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով, և, ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում ու, ըստ էության, դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու՝ երկու կանանց, նաև՝ պարոն Հովհաննիսյանի մասով», - ասաց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ միջնորդությունը կներկայացնեն այսօր:

Ըստ նախաքննության՝ գործը վերաբերում է պետական մրցույթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակն ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչական կոմիտեի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի» ընկերությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿ

Քրեական գործից իշխանական պատգամավորները հիմնականում խուսափում էին խոսել, առաջարկում էին սպասել նախաքննության արդյունքներին: Բայց մինչ այդ էլ ՔՊ-ական Էմմա Պալյանը համոզված է՝ Սիմոնյանի հարսին առնչվող կոռուպցիոն սկանդալը թյուրիմացություն է:

«Ես լիահույս եմ, ճանաչելով, նորից եմ ասում, ոչ անձամբ տիկին Գևորգյանին, այլ՝ կոնկրետ պարոն Սիմոնյանին, վստահ եմ, որ պարզվելու է, որ որևէ հիմք տվյալ գործում չկա, և ուղղակի ինչ-որ թյուրիմացություն է: Իսկ մնացածը արդեն ընթացքը ցույց կտա», - ասաց իշխանական պատգամավորը:

Ինքը Ալեն Սիմոնյանը հրապարակավ թեմային չի անդրադարձել, այս օրերին նրա միակ քայլը Ֆեյսբուքում եղբոր և նրա կնոջ հետ լուսանկարի հրապարակումն է:

ՔՊ-ականներն այսօր նաև պնդում էին, թե խորհրդարանի խոսնակը ներկա չի եղել նաև խմբակցության երեկվա նիստին, որի ընթացքում քննարկվել է երաշխավորություն ներկայացնելու հարցը: Հայկ Կոնջորյանն էլ վստահեցնում էր, թե այդ որոշումը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ չի համաձայնեցվել. - «Ո՛չ»:

Իշխանական պատգամավորները մի կողմից պնդում էին, թե իրենց նախաձեռնությունը կապ չունի այն փաստի հետ, որ կալանավորվածների թվում նաև Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամն է, մյուս կողմից՝ հստակ չէի ասում՝ նույն կերպ կվարվեի՞ն, եթե կալանավորված կանայք լինեին ընդդիմադիր դաշտից:

Լրագրողները հիշեցրին ընդդիմադիր Տաթևիկ Վիրաբյանի օրինակը, որը, ինչպես «Սիներջի»-ի կանայք, անչափահաս երեխաներ ուներ, բայց երկու ամիս անցկացրեց կալանքի տակ:

«Հիմա իրավիճակը էնպիսին է, որ ես պատրաստ եմ է՛ս դեպքով միջնորդություն ներկայացնել», - արձագանքեց Էմմա Պալյանը:

Թե ինչու է աղմկահարույց այս քրեական գործով դատարանը խափանման ամենածանր միջոցը կիրառել հենց Ալեն Սիմոնյանի հարսի և նրա գործընկերների նկատմամբ, հասկանալի չէ նաև իշխանական պատգամավորների համար, ամեն դեպքում նրանք էին այդպես պնդում: Միևնույն ժամանակ բացառում էին, որ այս գործընթացը ներիշխանական տարաձայնությունների հետևանք է՝ ուղղված հենց Ազգային ժողովի նախագահի դեմ:

«Բացառում եմ, որ որևէ տեսակի քաղաքական հաշվեհարդար հնարավոր լինի ընդհանրապես Հայաստանում, այն էլ՝ նման մեխանիզմներով», - ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը: Մյուս երկու աշխատակցի փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Արդյոք նույն նիստում կքննարկվի նաև պատգամավորների միջնորդությունը՝ հստակ չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սիներջի»-ն պահանջում է փոխել ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը