Հայաստանում «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության մասնաճյուղը հաղորդագրություն է տարածել՝ «խնդրելով և պահանջելով» փոխել ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոց կալանավորումը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ։
Նշելով, որ ընկերությունում լիովին կողմնակից են արդարադատության կայացմանը և պատրաստ են աջակցել իրականացվող քննությանը բոլոր փուլերում, հաղորդագրությունը շեշտում է «գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը»:
«Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից», - ասված է հաղորդագրությունում:
Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով անցած շաբաթ ազատազրկվեցին նախարարության աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
Ըստ նախաքննության, գործը վերաբերում է պետական մրցույթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչական կոմիտեի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի» ընկերությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինըԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿ