Միացյալ Նահանգների զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում վայրերին, որոնք կապ ունեն Իրանի հետ, ուրբաթ օրը հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները: Ըստ նրանց՝ դա պատասխանն է հունվարի 28-ին Հորդանանում անօդաչու թռչող սարքով հարձակման, որի հետևանքով երեք ամերիկացի զինծառայող զոհվեց, տասնյակ զինծառայողներ վիրավորվեցին, և որի համար պաշտոնական Վաշինգտոնը մեղադրեց Թեհրանին:
«Մեր պատասխանը սկսվեց այսօր: Այն կշարունակվի մեր ընտրած ժամանակ և վայրերում», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Մերձավոր Արևելքում կամ աշխարհի որևէ այլ վայրում: Բայց թող բոլորը, ովքեր ցանկանում են մեզ վնասել, իմանան սա. եթե դուք վնասեք ամերիկացու, մենք պատասխանելու ենք», - ասել է Բայդենը:
Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպանության տվյալներով՝ Սիրիային հասցված հարվածներից մեկի հետևանքով 13 իրանամետ զինյալ է զոհվել:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ «օդային հարվածներ են հասցվել Իրաքում և Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերին և դրանց առնչվող զինյալ խմբավորումներին»:
«ԱՄՆ զինված ուժերը հարվածել են ավելի քան 85 թիրախի՝ Միացյալ Նահանգներից ժամանակ բազմաթիվ օդանավերից՝ հեռահար ռումբերով», - ասված է հայտարարությունում: Ըստ դրա՝ թիրախավորված օբյեկտների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ:
Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ «ամերիկյան ագրեսիայի» հետևանքով զոհեր կան Իրաքի հետ սահմանին մոտ գտնվող մի քանի վայրում:
Իրաքի վարչապետի խոսնակը մեղադրել է Միացյալ Նահանգներին երկրի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ՝ «Իրաքի և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար հնարավոր աղետալի հետևանքներով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռայիսի. «Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել»Բայդենը խոստանում է պատժել ամերիկացի երեք զինվորների մահվան մեղավորներին