Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այսօր կհանդիպեն

Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև

Այսօր Իջևանի և Ղազախի հատվածում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովները։

Նույն այս հատվածում հանձնաժողովները հանդիպել էին նաև 2023-ի նոյեմբերի 30-ին փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ և դա վերջին հանդիպումն էր։

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս և «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։

Մհեր Գրիգորյանն էլ «Ազատությանն» ասել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։

Փաշինյանի և Ալիևի 2022-ի մայիսին տեղի ունեցած բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարվեց Հայաստանում և Ադրբեջանում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին հանդիպեցին սահմանազատման հանձնաժողովները. ի՞նչ ակնկալիքներ ունեն տեղի բնակիչները