Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է՝ սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև այս ամսվա վերջ


Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև այս ամսվա վերջ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մինչև ամսվա ավարտը մնացել է երկու օր. հանդիպումը վաղն է լինելու, թե մյուս օրը, գրասենյակից չհստակեցրին։

Փոխվարչապետ Գրիգորյանը երկու շաբաթ առաջ «Ազատությանն» ասել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մինչդեռ, ավելի վաղ պնդել էր, թե հանձնաժողովների սպասվող հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG