Մատչելիության հղումներ

Սահմանին հանդիպեցին սահմանազատման հանձնաժողովները. ի՞նչ ակնկալիքներ ունեն տեղի բնակիչները


Այսօր Իջևանի ու Ղազախի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Երկու երկրների Արտգործնախարարությունների փոխանցմամբ՝ այսօր կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ նրանք նախնական համաձայնեցրել են հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը, պայմանավորվել են սկսել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

«Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը», - նշում է ԱԳՆ-ն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բնակիչները հույս ունեն՝ այս հանդիպումների շարքը կարող է խաղաղության որևէ պայմանավորվածության հանգեցնել

«Ազատության» նկարահանող խումբն այսօր եղել է հայ-ադրբեջանական սահմանի հենց այն հարվածում, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը:

Սահմանին ապրող բնակիչները «Ազատության» հետ զրուցում նշեցին՝ իրենց հետաքրքրում է անկլավների հարցը և ակնկալում են հստակ պայմանավորվածություններ քարտեզների շուրջ, սակայն պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին որևէ նշում չկա:

«Հիմա եթե սահմանազատումը կատարեն, մենք ունենք հողամասեր, Բերքաբերի լիճը որ կա, էն կողմը մենք հողամաս ունենք, ստեղ ադրբեջանցիներն ունեն: Կամ պետք ա պայմանավորվենք մենք, ենթադրենք, ասենք, էս մասը թողեք, մեզ խիստ անհրաժեշտ ա, էն մյուս մասից նրանց տան կամ մի բան: Պետություններ են, երկրներ են, մարդիկ են, մինչև էդ մենք ադրբեջանցիների հետ լավ էլ ապրել ենք», - ասաց բնակիչներից մեկը:

Նախապես միայն հաղորդվել էր, որ հանդիպումը տեղի էր ունենալու Իջևանի և Ղազախի սահմանին, տեղի բնակիչների հավաստմամբ՝ սահմանային հատվածում գտնվող սպիտակ շենքում են հենց տեղի ունեցել գերիների փոխանակման շուրջ, հրադադարի մասին համաձայնություններն ու պայմանավորվածությունները:

«Էդ հանդիպումներն այնտեղ են եղել, ես էլ էդ հանդիպումների մեծ մասին մասնացել եմ: Էն ժամանակվա հարաբերություններն ուրիշ էին, էն ժամանակ սովետական երկրի էդ ամեն ինչը կար», - ներկայացրեց «Ազատության» զրուցակիցը:

Հիմա այստեղ տեղի են ունենում բարեկարգման աշխատանքներ, շինարարները ասում են, որ նույնպիսի բարեկարգում տեղի է ունենում Ղազախի շրջանում, ինչը ենթադրում են, որ կարող է ճանապարհի բացման հնարավորության մասին խոսել, բայց այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա:

Այգեհովիտ համայնքի բնակիչներն անհանգստացած են, ասում են, որ անգամ երկարատև լռությունը սկսում է իրենց անհանգստացնել, բայց հույս ունեն, որ առաջիկայում այս հանդիպումների շարքը կարող է խաղաղության որևէ պայմանավորվածության հանգեցնել:

Սա փոխվարչապետերի մակարդակով 5-րդ հանդիպումն էր, դրանցից երկուսը տեղի են ունեցել Իջևանի և Ղազախի սահմանին: Հաջորդ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկություններ չկան:

XS
SM
MD
LG