«Թրանսփարենսի ինթերնեշնլի» 2023 թվականի կոռուպցիայի ընկալման սանդղակով նախորդ տարվա համեմատ Հայաստանի համաթիվն ավելացել է 1-ով և այժմ 47 է։ 1-100-ի սանդղակում որքան բարձր է երկրի միավորը, այնքան ավելի փոքր խնդիր է այդ երկրի համար կոռուպցիան։
«2023 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը շեշտեց, որ այն ստաբիլացիան, որը մենք տեսնում ենք և Հայաստանում, ընդհանուր առմամբ փաստորեն 21 թվականից մեզ մոտ էլ է այդ իրավիճակը, ամբողջ աշխարհում նույնպես տարիներով իրավիճակը նույնն է», - ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Արդեն 2 տասնամյակ Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին ու ընկալման համաթվի փոփոխություններին հետևող Հոկտանյանը բացատրում է՝ չի կարելի ասել, թե այս տարի Հայաստանը բարելավել է ցուցանիշը, քանի որ համաթվի հաշվարկի մեթոդի համաձայն՝ 2.5 միավորը համարվում է վիճակագրական սխալի տիրույթ, հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանը ոչ բարելավել, ոչ վատացրել է ցուցանիշը 2022-ի համեմատ։
«Համաշխարհային միջինը 43 է, և 43-ը աշխարհի երկրների մեծ մասում միջինից ավելի ցածր է, և փոփոխություններն էլ էական չեն», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեղափոխությունից ի վեր մարդկանց ամենամեծ ակնկալիքները՝ արդարության և կոռուպցիայի վերացման վերաբերյալ, իրականացված չեն. վարչապետԹեև համաշխարհային միջինից Հայաստանի միավորը բարձր է, բայց Եվրոպայի խորհրդի երկրների շարքում գտնվում է ցածր հորիզոնականում, ինչը, ըստ մասնագետների, նշանակում է, որ երկիրը դեռ շատ անելիքներ ունի՝ գրանցելու իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։
Քաղաքական կամք է հարկավոր, ասել՝ օրենքները կյանքի կկոչենք, կպայքարենք կոռուպցիայի դեմ, քիչ է. Հոկտանյան
Հեղափոխությունից հետո հետո Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը հայտարարել են իրենց առաջնային անելիքներից մեկը, բայց վերջին տարիներին, ըստ ԹԻ-ի, Հայաստանում առանձնապես փոփոխություններ չկան։
Հայաստանը կտրուկ բարելավեց իր դիրքերը 2018-ի հեղափոխությունից հետո՝ 35 միավորից հասնելով 49-ի, ապա իջնելով 47, և ըստ կազմակերպության գնահատականի՝ «հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով»։
«Քաղաքական կամք, որպեսզի այդ ամբողջը, որ ընդունվեց՝ այդ օրենսդրական բազան և այլն, կյանքի կոչվի, իսկ դա միայն ասելով չի լինում, այսինքն՝ ասել, որ այո, մենք այս օրենքները կյանքի կկոչենք, կպայքարենք կոռուպցիայի դեմ և այլն, դա քիչ է, պետք է ռեսուրսներ ունենալ, և պետք է նաև այդ ռեսուրսները կարողանան այնպես տեղաբաշխել, որպեսզի իսկապես արդյունք լինի», - շեշտեց Հոկտանյանը։
Քաղաքական կամքի բացակայություն գնահատականի հետ իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ոչ միայն համաձայն չեն, այլև պնդում են՝ իշխանություններն ամենաշատն են շահագրգռված կոռուպցիան նվազեցնելու հարցում։
«Ըստ էության, գրել ենք ռազմավարություններ, այդ ռազմավարություններից բխող օրենսդրական դրույթներն ենք արդեն մենք գրել, տարբեր օրենքներում ենք իրականացրել փոփոխություններ, նոր օրենքներ ենք ընդունել, որոնցից մեկը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն էր, որը ներկայումս արդեն մենք տեսնում ենք գործողության մեջ, որոնցից են Հակակոռուպցիոն կոմիտեն, հակակառուպցիոն դատարանները, հակակոռուպցիան ստորաբաժանումը հատուկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է՝ համակարգային կոռուպցիա չկա, Իոաննիսյանը հակադարձում է՝ համակարգային չկա, համատարած կա
Նա հիշեցնում է, որ անցյալ տարի, երբ «Թրանսփարենսի»-ի ցուցանիշով Հայաստանը հետընթաց էր արձանագրել, վարչապետը կառավարության նիստը նվիրել էր այդ հարցին՝ պնդելով, որ հետընթացն իրեն հանգիստ չի տալիս, և ինքը տպավորիչ առաջընթաց է ակնկալում։
Հայաստանը մի քանի միավորով տպավորիչ առաջընթաց կունենա, եթե ի վերջո հատի 50 -ի սահմանը։ Մասնագետները համարում են, որ եթե որևէ երկրի միավոր 50-ից ցածր է, ուրեմն այդ երկում կոռուպցիան լուրջ խնդիր է։ Հայաստանի հարևաններից միայն Վրաստանն է, որ ունի 53 միավոր։
«Այսինքն՝ մենք ունենք պոտենցիալ՝ ի վերջո գալ այն վիճակին, որ կոռուպցիան կդառնա կառավարելի երևույթ», - նկատեց Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանի մյուս հարևաններից Թուրքիան ունի ընդամենը 34 միավոր, Ադրբեջանը՝ 23, Իրանը՝ 24, ռեկորդային ցածր է այս տարվա Ռուսաստանի միավորը՝ 26: Հայաստանից ավելի բարձր միավոր ունեն Եվրամիության գրեթե բոլոր երկրները, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Չիլին, Իսրայելը, Հոնկոնգը, Կատարը, Կիպրոսը և այլն։