Մատչելիության հղումներ

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023-ին աճել է 1 միավորով


Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի, հաղորդում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը»՝ հրապարակելով կոռուպցիայի ընկալման 2023-ի ինդեքսը։

Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նշում է, որ 2018-ի թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների, սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։

Վերլուծությունում նաև նշվում է, որ չնայած Հայաստանը դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիան»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում 180 երկրի շարքում Հայաստանը 62-րդն է։ 2022-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը: Վրաստանը 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը, Թուրքիան (34)՝ 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղերը, Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։

Ընդգծելով, որ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նկատում է՝ սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

XS
SM
MD
LG