Իրանում դպրոցի տնօրենը ծեծել է 11-ամյա աշակերտուհուն՝ հիջաբ կրելու պարտադիր օրենքը խախտելու համար, հաղորդում է «Ազատության» «Ռադիո Ֆարդա» ծառայությունը։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասաժամի ավարտին, երբ աղջիկը հավաքելիս է եղել սպորտային հանդերձանքը։
«Աղջիկս հավաքում էր սպորտային հանդերձանքը, երբ նրա գլխաշորը պատահաբար ընկել է։ Տնօրենը բուռն է արձագանքել՝ հարվածելով նրա պարանոցին», - աղջկա մոր խոսքերն է մեջբերել Թեհրանի Etemad թերթը: Աղջկա անունը չի հրապարակվում։
Մայրը նաև տեղեկացրել է, որ հարձակման կապակցությամբ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ ծեծը խուճապի նոպաներ և ծանր անհանգստություն է առաջացրել երեխայի մոտ, որի հետևանքով էլ աղջիկը մի քանի շաբաթ դպրոց չի հաճախել։
Իրանի դատաբժշկական կազմակերպությունը հաստատել է երեխայի վրա ֆիզիկական բռնության հետքերը։ Դպրոցի տնօրենը հեռացվել է աշխատանքից։
1981 թվականին՝ Իրանի իսլամական հեղափոխությունից երկու տարի անց Հիջաբը Իրանում պարտադիր դարձավ 9 տարեկանից բարձր կանանց և աղջիկների համար։ Այս քայլը բողոքի մեծ ալիք բարձրացրեց, սակայն այն արագորեն ճնշվեց նոր իշխանությունների կողմից:
Տարիներ շարունակ Իրանում շատ կանայք դեմ են արտահայտվել հիջաբ կրելուն։ 2022-ի սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինը բերման է ենթարկվում՝ գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։ Ամինին ոստիկանության բաժանմունքում, սակայն, հայտնվում է կոմայի մեջ և մահանում: Իրանի ոստիկանությունը պնդում է, որ Ամինին սրտի հիվանդություն է ունեցել, ինչն էլ նրա հանկարծակի մահվան պատճառ է դարձել։ Իրանցի ընդդիմադիրները, սակայն, վստահ են՝ Ամինին զոհվել է ոստիկանությունում կիրառված բռնության հետևանքով։ Աղջկա մահից հետո Իրանի քրդաբնակ շրջանում զանգվածային անկարգություններ են սկսվում։
HRANA լրատվական գործակալությունը նշում է, որ անկարգությունների ընթացքում ավելի քան 500 մարդ է զոհվել, այդ թվում՝ 71 անչափահաս, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, իսկ դատական համակարգը ցուցարարների նկատմամբ խիստ դատավճիռներ է կայացրել, ներառյալ մահապատիժը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է հիջաբի օրենքը խախտելու համար նոր պատժամիջոցները