Ղարիբաշվիլին և Կոբախիձեն կփոխանակեն պաշտոնները

Վրաստան - Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսի, 29-ը հունվարի, 2024թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում կփոխանակեն զբաղեցրած պաշտոնները: Այս մասին հայտնել են կառավարամետ «Իմեդի» հեռուստակայանը և մի շարք այլ վրացական լրատվամիջոցներ:

Ըստ «Իմեդի»-ի, հունվարի 24-ին տեղի է ունեցել իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որում կայացվել է այդ փոփոխությանը դիմելու որոշումը։

Իրակլի Կոբախիձեն կնշանակվի վարչապետ, ինչպես նաև կուսակցության քաղաքական քարտուղար։

Վրացական օրենսդրության համաձայն՝ եթե վարչապետը լքի իր պաշտոնը, կաբինետն ինքնաբերաբար պետք է հրաժարական ներկայացնի, ինչից հետո իշխող կուսակցությունը պետք է ներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածու, ով, իր հերթին, կձևավորի նախարարների կաբինետը և ցանկը կփոխանցի օրենսդիրների հաստատմանը: Նոր վարչապետն ու ապագա կառավարության անդամները պետք է ստանան Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի առնվազն 76 պատգամավորների աջակցությունը։

Ինչ վերաբերում է կուսակցության նոր նախագահին, նա ընտրվելու է քաղաքական կառույցի համագումարում։

2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն և զբաղեցրել կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը։

Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի փետրվարից։ Դա նրա երկրորդ պաշտոնավարումն է: Առաջին անգամ նա հանրապետության կառավարությունը ղեկավարել է 2013 - 2015 թվականներին։