Այսօր առավոտյան ռուսները կրկին հրթիռակոծել են ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ Կիևն և Խարկովը։ Վերջին տվյալներով՝ առնվազն հինգ մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել, ներառյալ՝ երեք երեխա։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ ռուսական բանակը կրկին օգտագործել է զինանոցի գրեթե բոլոր զինատեսակները՝ թևավոր, բալիստիկ, ավիացիոն և հակաօդային կառավարվող հրթիռներ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական 41 հրթիռից խոցել է 21-ը։ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ բարդ է իրավիճակը նաև ճակատում, մանրամասնելով՝ առավել կատաղի են մարտերը Կուպյանսկի, Լիմանսկի և Բախմուտսկի ուղղություններում, ինչպես նաև Մարինկայի մոտ։
Օրեր առաջ ռուսները հաղորդել էին մի գյուղ գրավելու մասին, ճակատային գծի լուրջ ճեղքում, սակայն, դեռևս չկա։ Պաշտոնական վերջին հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվում է հետ մղել ռուսական կողմի հարձակումները՝ չնայած սպառազինության պակասին, որն օրեցօր ավելի է զգացնել տալիս։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ կրկին փաստել է՝ առաջիկա ամիսները ճակատագրական են լինելու Ուկրաինայի համար։
«Ուկրաինացի հրամանատարները չգիտեն, թե երբ է գալու զենքի հաջորդ խմբաքանակը, և սա սարսափելի իրավիճակ է, որում գտնվում են ուկրաինացի զինվորականները՝ ի տարբերություն ռուս զինվորականների, որոնք նման անորոշությունից չեն տառապում, որոնք բալիստիկ հրթիռների համար դիմում են Հյուսիսային Կորեային և, ի դեպ, շարունակում են օգտագործել թե դրանք, թե նաև իրանական անօդաչու սարքերը»,- նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «24 ժամում պատերազմը դադարեցնելու Թրամփի հայտարարությունը մտահոգում է ինձ»
Երբ է վերջապես Ուկրաինա հասնելու այդքան սպասված նոր ռազմական օգնությունը՝ դեռ հայտնի չէ։ Ամերիկյան օգնությունը ուշանում է հանրապետականների ընդդիմության, եվրոպականը՝ Հունգարիայի արգելափակման պատճառով։ Մինչ այդ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Բրյուսելում ավելի ակտիվացել են քննարկումները ռուսական սառեցված ակտիվներն ու ֆինանսական միջոցները Ուկրաինա ուղարկելու շուրջ՝ հարց, որն Արևմուտքի օրակարգում է արդեն երկու տարի։
Եվրամիության արտգործնախարարը երեկ հայտարարել է, թե հարցի շուրջ անդամ երկրների միջև արդեն կա սկզբունքային համաձայնություն, և քննարկումները կշարունակվեն հաջորդ ամիս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Bloomberg-ի՝ Եվրամիությունը կարող է կոշտ միջոցների դիմել Հունգարիայի դեմ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից անմիջապես հետո արևմտյան երկրները, ըստ որոշ աղբյուրների, սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլար։ Կրեմլը հայտարարել է, թե դրանց առգրավումը կլինի թալան, որին կհետևեն համապատասխան, այդ թվում՝ դատական հայցեր։ Մինչ այդ Ռուսաստանի իշխանություններն իրենք են գնում գույքի բռնագանձման՝ խստացնելով կանոնները երկրի ներսում։
Երեկ, մասնավորապես, Պետդումայի մի խումբ պատգամավորներ՝ ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է գույքի բռնագրավում Քրեական օրենսգրքի ութ հոդվածների, այդ թվում՝ «բանակի մասին կեղծիքներ» տարածելու դեպքում։ Որ օրինագիծը կընդունվի՝ կասկած չկա։ Շրջանառությունից մի քանի ժամ անց արդեն այն ընդունվեց համապատասխան հանձնաժողովի կողմից, մինչև այդ էլ հավանության էր արժանացել կառավարությունում ու ուժային կառույցներում։