Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Լավրովը հունվարի 22-ից 24-ը կայցելի Նյու Յորք՝ անձամբ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, սպասվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։
Զախարովայի խոսքով` «ակնկալվում է, որ կշարունակվեն քննարկումները Պաղեստինի և Իսրայելի հակամարտության գոտում առկա ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ»:
«Ինչ վերաբերում է ուկրաինական հարցերի քննարկմանը, մենք սա լավ հնարավորություն ենք համարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից համաշխարհային հանրությանը ևս մեկ անգամ փոխանցելու Ռուսաստանի դիրքորոշումը, այդ թվում՝ ճգնաժամի կարգավորման քաղաքական և դիվանագիտական միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը», - ըստ «Ինտերֆաքս»-ի ասել է Զախարովան։
Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Դոնեցկը կիրակի առավոտյան ենթարկվել է հրետակոծության, հաղորդվում է առնվազն 18 զոհի մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «հարվածները Դոնեցկում խաղաղ քաղաքացիական օբյեկտներին ևս կքննարկվեն ՄԱԿ-ի ԱԽ-ում»։