ԱՄՆ շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների անցկացմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Դեկտեմբերին Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն Ջեյմս Օ՛Բրայանը հայտարարեց, որ Էնթոնի Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ խաղաղ բանակցությունների համար:
Երևանն էլ արձագանքեց՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կամ քննարկում այս պահին չկա, սակայն հայկական կողմը պատրաստ է բանակցությունների:
Բաքուն ԱՄՆ-ին նախ մեղադրել է «կողմնակալ միջնորդ» լինելու մեջ, ապա Գրանադայից և Բրյուսելից հետո բոյկոտել արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:
Պատելն ասել է, որ նորություն չունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին, բայց անհամբեր սպասում են, որ շուտով այդ մասին կխոսեն։
Հարցին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, նույն հետաքրքրվածությունը կա՞ վաշինգտոնյան հարթակի նկատմամբ, Պատելը պատասխանել է՝ «ԱՄՆ ջանասիրաբար կաշխատի վերջնագծին հասնելու համար»՝ սերտորեն համագործակցելով թե՛Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ, այդ թվում՝ համակարգող Բոնոյի։
Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևանում էր։ Պաշտոնական Երևանը հաղորդեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը դժվար թե հանդիպում տեղի ունենա․ Պապոյան