Գագիկ Խաչատրյանը դատարան եկավ շտապօգնության մեքենայով. ըստ դատախազի՝ փորձ է արվում նիստը խոչընդոտել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր մոտ կես ժամ ուշացավ իր դատավարությունից։ Փաստաբանն ասաց, որ սայլակով տեղաշարժվող պաշտպանյալը հիվանդանոցում էր։

«Այս պահին ինձ տեղեկացրին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, որը խնդիրներ է առաջացնում երակների բարակության և այլնի հետ կապված, իրենց բառերով ասած՝ չի ստացվում այս պահին, դրա համար մի քիչ ձգձվում է», - ասաց Երեմ Սարգսյանը։

Խաչատրյանը դատարան եկավ շտապօգնության մեքենայով՝ բժիշկների ուղեկցությամբ, ու նիստը չսկսած փաստաբան Երեմ Սարգսյանը խնդրեց ընդմիջել այն, որ պաշտպանյալին ներարկում անեն։

Դատախազությունը բազմիցս է հայտարարել՝ նման սցենարներով մեղադրյալն ամեն անգամ նիստերը հետաձգում է։ Դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ անգամ հաշիվն են կորցրել։

«Եթե Դուք չեք պլանավորում խոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքը, եթե չի պլանավորել պաշտպանության կողմը, որ որևէ իքս պահի պետք է դատական նիստը վատառողջ լինելու պատճառաբանությամբ ընդհատվի և չշարունակվի, եթե չկա նիստի ձախողում պլանավորած պաշտպանության կողմից, ապա բնական է՝ որևէ խոչընդոտ չկա այս պայմանում, որ Սեդրակ Առուստամյանը հարցաքննվի, և հետո արդեն պաշտպանության կողմից միջնորդություն ներկայացվի», - ասաց դատախազը։

6 տարի մաքսային և հարկային ծառայությունները, ևս երկու տարի էլ Ֆինանսների նախարարությունը ղեկավարած 68-ամյա Խաչատրյանին հայաստանյան իրավապահները մեղադրում են չարաշահման, վատնում կատարելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ, Խաչատրյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի չափը կազմում է ավելի քան 41 միլիոն դոլար։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առանցքային պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց 2019-ին։ Նա մեկ տարի կալանավորված էր, հետո ազատ արձակվեց շուրջ 250 հազար դոլար գրավի դիմաց։ Վերջերս էլ դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել էր դատախազի միջնորդությունը նրան նորից կալանավորելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի

Դատախազն այսօր նկատեց՝ արդեն քանի նիստ է՝ «Մուլտի գրուպի» տնօրեն, վկա Սեդրակ Առուստամյանը գալիս է, որ հարցաքննվի, բայց հերթը դրան այդպես էլ չի հասնում. - «Երկու ժամ, երբ որ այդ ժամանակը կարելի էր օգտագործել, արդեն ավարտված կլիներ Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը, երկու ժամ ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդություն, նույնաբնույթ, անհիմն, և ներկայացվեց ընդամենը ներկայացնելու, դատական նիստը ձգձգելու համար»։

Մեղքը չընդունող Խաչատրյանի փաստաբանը հայտարարեց՝ ողնաշարի լուրջ խնդիրներ ունեցող պաշտպանյալին Հայաստանում չեն կարող վիրահատել, իսկ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում երկար նստած մնալ՝ ցավերը սաստկանում են։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ անգամ պետական հանձնաժողովների բժիշկներն են լուրջ գնահատել նրա վիճակը։

«Կյանքի իրավունքի մասին ենք խոսում, անհապաղ միջոցի մասին է խոսքը, որի համար Եվրոպական դատարան հրատապ միջոցի միջնորդություն ենք ներկայացրել, մեղադրողն ասում է ոչինչ, հարցաքննենք, հետևաբար՝ հարգելի՛ դատարան, միակ մեթոդը ճիշտ ռազմավարության այս միջնորդության քննարկումն է, որ դա առաջնահերթություն է, դրանից հետո մյուս գործողությունները կատարվեն», - շեշտեց փաստաբանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գույքի բռնագանձման գործերով անցնող նախկին պաշտոնյաներից ամենամեծ ունեցվածքը կուտակել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը

Ի դեպ, այս գործով վկա Սեդրակ Առուստամյանը նույն այս դրվագով նաև մեղադրյալ է։ Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության ղեկավարը Գագիկ Խաչատրյանին ավելի քան 22 միլիոն դոլար կաշառք է տվել, որ «Մուլտի գրուպը» խոչընդոտներ չունենա հարկային դաշտում։

Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանը պնդել էր, թե այդ գումարը Առուստամյանը պարտքով է տվել, որ Խաչատրյանի որդիները Լոս Անջելեսում առանձնատուն գնեին։

Ի դեպ, դեռ տարիուկես առաջ Կալիֆոռնիայի դաշնային կառավարությունը Խաչատրյանին ու որդիներին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձնման գործընթաց էր նախաձեռնել Հայաստանի գլխավոր դատախազության հարցման հիման վրա։

Մինչ ամերիկյան իրավապահներից նորություն չկա, իսկ հայաստանյան դատարանն էլ, ըստ էության, չի կարողանում քննել Խաչատրյանի գործը, փաստաբանը պնդում է՝ սկզբում պետք է քննել պաշտպանյալին արտերկիր մեկնելու թույլտվության հարցը, հետո նոր անցնել վկայի հարցաքննությանը։ Այսօրվա նիստը ևս կիսատ մնաց Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառով։