Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, «Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնելով, որ այս տարի Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը՝ դեսպանն ասել է, որ դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխայցելություններ։
«Մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավարների մասնակցությունը՝ նախագահ, վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։
Պաշտոնական Երևանը Փաշինյանի այցի մասին դեռ հայտարարություն չի արել։
Հայաստանը հունվարի 1-ից՝ մեկ տարով ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։
Ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Այդ օրը ամփոփվեցին ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և լիազորությունները փոխանցվեցին Հայաստանին։ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման տասնամյակին։
Փաշինյանն ու հայաստանցի պաշտոնյաները տևական ժամանակ է՝ հրաժարվում էին մասնակցել Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին՝ ռազմավարական դաշնակցից և ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհությունների պատճառով։
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասել, թե Հայաստանը ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում պետք է ակտիվ լինի՝ նշելով՝ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զախարովայի՝ Հայաստանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից