«Զինվորի կյանքի պատասխանատուն պետությունն է». ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանի ու Պապիկյանի հայտարարությունների մասին

Վերջին 15 օրում ոչ մարտական պայմաններում 3 զինծառայող է մահացել բանակում, իսկ նախորդ ողջ տարվա ընթացքում՝ 63։ Սրանք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» տվյալներն են, Պաշտպանության նախարարությունը մահվան պաշտոնական վիճակագրություն չի հրապարակում:

Ողբերգական վերջին դեպքը գրանցվել էր հունվարի 13-ին. զորացրվելու օրը, ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին: Եղանակային անբարենպաստ պայմաններից ու դիրքի դժվարամատչելի լինելուց բացի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ խորհրդարանում նաև «արտաքին ճնշման» մասին խոսեց:

«Կան նաև պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ, ես անուններ և պաշտոններ, բնականաբար, չեմ հնչեցնի, բայց պիտի նշեմ, որ սա չի կարող ունենալ պատասխանատուներ: Կա վարկած ու այդ վարկածը բավականին հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը, և պետք է հորդորեմ նաև բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ Զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից, զգայական վարքագծով նրանց ստիպեն, որ կատարեն պարտականություններ, որոնք իրավունք չունեն կատարելու», - նշել է Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց արտաքին ճնշումների մասին Պապիկյանի միտքը. - «Կամ երբ զանգում են, ասում են՝ սեղանը գցած է, մեր երեխային ոնց ուզում եք բերեք տեղ հասցրեք ու ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք այս բաների հետ, պիտի խոսենք այս բաների մասին ու պետք է նաև հարցերին խորքային տիրապետել»:

«Ծառայությունն ավարտած Բենիամինի հարազատները հանդիսության սրահում հավաքված սպասել են տղային, մեծ խնջույք պետք է անեին: Բայց հետո հեռացել են սրահից՝ տագնապով», - «Ազատությանը» պատմել էր ձնահյուսի տակ մնացած զինվորի դասվարը՝ Լուսինե Խաչատրյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ էր զինծառայողը մենակ, ինչո՞ւ էր զորացրման օրը դեռ դիրքերում. Բենիամին Մանուչարյանի համագյուղացիները հարցեր ունեն

Անգամ, եթե ծնողներն են միջամտել, որ զինվորը հենց այդ օրը տուն հասներ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը պնդում է՝ միևնույնն է մեղավորը նրա վերադասներն են:

«Զինծառայողը պետության ուղիղ պատասխանատվության տակ է, քանի դեռ բանակում է», - հիշեցնում է նա, վարչապետի հայտարարությունն էլ այսպես մեկնաբանում. - «Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում իր աշխատանքի և իր քաղաքական թիմի աշխատանքի պատասխանատվությունը: Եթե որևէ մեկը կարող է զանգահարել ու ճնշում գործադրել բանակում որևէ սպայի վրա ու ասել՝ զինվորին պետք է շուտ թողնես տուն, ուրեմն խնդիրը ոչ թե զանգողի մեջ է, այլ առաջին հերթին պատասխանողի և առավել ևս այդ զանգը որպես սպառնալիք կամ որպես պահանջ ընդունողի ու բավարարողի: Այդ բավարարող սպան առաջին հերթին պիտի պատասխանատվություն կրի, որովհետև միայնակ թողել է զինվորին ձնահյուսի տակ: Ի՞նչ է նշանակում արտաքին ճնշումներ, այսինքն, ամեն անգամ ինչ-որ մեկը մեղավո՞ր է, բա դուք ի՞նչ եք անում»:

Պաշտպանության նախարարը պնդում է՝ վերադաս հրամանատարության գրությունները կան՝ այդ օրերին որևէ տեղաշարժ չիրականացնել: Իսկ այդ օրն ասաց՝ ևս 4 զինծառայող պետք է զորացրվեր, բայց նրանք վատ եղանակի պատճառով մնացել են դիրքում։ Չնայած այս ամենին, 20-ամյա Բենիամին Մանուչարյանին դիրքից իջեցնելու համար հատուկ տեխնիկայով խումբ է ընդառաջ գնացել:

Ինչպես պատմում է նախարարը՝ եղանակային պայմանները թույլ չեն տվել մոտենալ դիրքին, զինծառայողը ինքն է փորձել հասնել խմբին, բայց ձնահյուսի պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ է հատուկ տեխնիկայով խումբը գնացել միայն Բենիամինին զորամաս իջեցնելու համար, կամ ինչպե՞ս է զորացրման օրը զինծառայողը հայտնվել դիրքում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները քննությունը պետք է պարզի:

Բայց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից վարչապետի ու պաշտպանության նախարարի հայտարարությունները համարում է քննության ընթացքն ուղղորդող ցուցում։

«Հնարավորություն չեն տալիս քննչական մարմիններին քննություն կատարել ու պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում, էլի եկան ու թելադրեցին իրենց վարկածը, սա ուղղորդում է քննությանը, դա նշանակում է, որ սա չի բացահայտվելու: Մի առանձնապես Քննչական կոմիտեն բան չէր, որ բացահայտի, նմանօրինակ դեպքեր էլի են եղել», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ի դեպ, այն որ զինվորի կյանքի պատասխանատուն պետությունն է, արձանագրել է նաև Եվրոպական դատարանը, վերջին վճիռներից մեկը հայ զինծառայող Վալերի Մուրադյանի գործով է։ 14 տարի առաջ ծնողներին հանձնել էին իրենց որդու անշնչացած մարմինը՝ բռնության հետքերով: Միջազգային դատարանն արձանագրել էր՝ զինծառայության ընթացքում պետությունը չի պաշտպանել իր վերահսկողության տակ գտնված Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատշաճ քննություն չի իրականացվել խաղաղ պայմաններում զինծառայողի մահվան գործի բացահայտման ուղղությամբ