ԵՄ խորհուրդը ընդլայնում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը

ԵՄ խորհուրդը մեծացնում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը։

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը X-ի իր էջում ողջունել է ԵՄ խորհրդի այս որոշումը՝ շեշտելով՝ առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը ԵՄ հանձնառությունը։

Ըստ ԵՄ կայքի, մասնավորապես, փոփոխություն է կատարվել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մասին 2023 թվականի որոշման մեջ և այդ փոփոխության համաձայն 2023-ի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում առաքելության հետ կապված ծախսերը հոգալու համար նախատեսված հիմնական ֆինանսական գումարը կազմելու է 39 միլիոն 35 հազար եվրո։

2023-ի հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Այդուհանդերձ Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաքելությունն այսօր իր 1500-րդ պարեկային այցն է կատարում սահմանամերձ շրջաններ