2023-ին Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ:
Միրզոյանը պաշտոնական ու աշխատանքային այցերով, մասնավորապես, եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մալթայում, Սլովենիայում, Ռումինիայում և Խորվաթիայում, այցով Հայաստան են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Հունգարիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները: Կայացել են հանդիպումներ և հեռախոսազանգեր ԵՄ բոլոր անդամ երկրների հետ:
2023-ին արտգործնախարարը ԵՄ կողմի հրավերով Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Այս ձևաչափով առաջին քննարկումը, որը հաջորդեց Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին, արտացոլում է խորացող քաղաքական երկխոսությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումների կյանքի կոչման», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հիշեցնում է՝ տարեսկզբին երկու տարի ժամկետով Հայաստանում տեղակայվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ տարեվերջին կայացվել է առաքելության անձնակազմի կրկնապատկման մասին որոշումը: 2023-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցեր, տրվել են հանրային ուղերձներ, այդ թվում՝ երկխոսության մեկնարկը դիտարկելու վերաբերյալ:
Պայմանավորված տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղում զարգացումներով՝ տարվա ընթացքում շարունակվել է ԵՄ ներգրավածությունը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առավել մոտ ԵՄ-ին. Երևան-Բրյուսել՝ ջերմացող հարաբերություններ