Մինչ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը Փաշինյան-Ալիև հանդիպում դժվար թե լինի, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին պաշտոնական բանակցություններից անցել է մոտ կես տարի: Այս ընթացքում Ալիևը երկու հանդիպում է տապալել, նախ՝ Գրանադայում, ապա՝ Բրյուսելում: Առաջնորդները ոչ պաշտոնական շփում ունեցան դեկտեմբերի վերջին՝ ԱՊՀ ղեկավարների հավաքին, որից հետո Երևանից լավատեսական կանխատեսումներ հնչեցին, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել: Տարեսկզբին մինչդեռ Ալիևի հայտարարությունները հիասթափեցրին որոշ ՔՊ-ականների: Նախկին լավատեսությունը չունի նաև Գևորգ Պապոյանը, սակայն բանակցություններն, ասում է, փակուղում չեն:
«Քանի դեռ կա բանակցելու, խոսելու հնարավորություն և կա առաջարկները փոխանակելու, եթե դու ինչ-որ բան ես ուղարկում իրենք պատասխանում են, ես կարծում եմ, այդպիսի իրավիճակի մասին չէի խոսի, բայց այսպես ասեմ, ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել, իմ մոտ գոնե չկա», - նշեց Պապոյանը:
Ամիսներ շարունակ կողմերը առանց դեմ առ դեմ բանակցությունների փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագիծը: Հայկական կողմն իր վերջին առաջարկները Բաքու է ուղարկել հունվարի 4-ին: Իսկ ադրբեջանական վերջին տարբերակում, ըստ պաշտոնական Երևանի, որոշակի հետընթաց է արձանագրվել, բայց թե կոնկրետ որ հարցում, իշխանության ներկայացուցիչները չեն գաղտնազերծում: Սակայն, ըստ վերլուծաբանների, Ալիևի վերջին պահանջները վկայում են, որ կողմերն անգամ Ղարաբաղի հայաթափումից հետո տրամագծորեն տարբեր պատկերացումներով են առաջնորդվում բանակցություններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել. Արմեն ԳրիգորյանԵթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. ԱլիևԱդրբեջանը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», խոսում ոչ միայն անկլավների վերադարձից, այլ պնդում, թե 44-օրյայից հետո օկուպացված հողերից ետ չի գնա, մերժում է միջազգային երաշխավորի հայկական առաջարկը, պատրաստ չէ նաև 1975 թվականի քարտեզներով սահմանազատման: Երևանը դեմ չէ քննարկել այլ թվականների քարտեզներ, նշում է իշխող ուժի պատգամավորն ու կարևորում դրանց իրավական հիմքերի առկայությունը:
«Եթե օրինակ՝ հայտնվի ենթադրենք 60 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ, բայց քարտեզը պետք է ունենա իրավական հիմք, այդ քարտեզը պետք է հաստատված լինի, օրինակ, Ադրբեջանական ՍՍՀ, Հայկական ՍՍՀ գերագույն խորհուրդների կողմից: Այսինքն, պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե օրինակ՝ պատմաբանների կողմից նկարած քարտեզ, այդպես չի կարող լինել», - ասաց պատգամավորը:
1940-ից 60-ականների քարտեզները ևս նշանակում են ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. քարտեզագիր
1940-60-ականների քարտեզների մասնի Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ խոսեց՝ պնդելով, թե այդ ժամանակ են ադրբեջանական հողերը տրվել Հայաստանին: Եթե անգամ սահմանազատման համար հիմք ընդունվեն այս թվականների քարտեզները, միևնույն է կստացվի նույնը, ինչ 1975 թվականի քարտեզի դեպքում, պնդում է քարտեզագիրը:
Ռուբեն Գալչյանի խոսքով՝ Խորհրդային միության շրջանում տպագրված քարտեզներում էական տարբերություն գրեթե չկա: Անգամ 60-ականների քարտեզով սահման գծելը ենթադրում է ինչպես անկլավների վերադարձի հարց, այնպես էլ ադրբեջանական զորքերի դուրս բերում Հայաստանի օկուպացված տարածքից:
«Ադրբեջանը եթե ընդունի 75 թվականի քարտեզը, պետք է այդ տարածքներից դուրս գա, ինչպես որ ինքը ստորագրել է 2020 թվի համաձայնագրի մեջ, ինչպես ինքը համաձայնվել է 1991-ին անկախանալու ժամանակ, ինչպես որ վավերացրել է 1969-70 թվականի շտաբի բոլոր քարտեզների վրա՝ կնքելով դրանք իրենց կողմից», - նշեց Գալչյանը:
Ադրբեջանն, ըստ պաշտոնական Երևանի, 1990-ական թվականներից սկսած օկուպացրել է հայկական շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք: Ալիևը, մինչդեռ, պնդում է, թե դրանք ադրբեջանական հողեր են, նաև սա է պատճառը, որ ադրբեջանցի պաշտոնյաները կոնկրետ քարտեզի շուրջ չեն ուզում համաձայնության գալ, կարծում է քարտեզագիրն ու կանխատեսում՝ Բաքուն կփորձի սահմանազատման հանձնաժողովներում ներկայանալ իր գծած քարտեզներով: Իսկ եթե Ալիևն ուզում է 70-ականներից էլ ավելի հետ գնալ, Ռուբեն Գալչյանն էլ հայաստանցի պաշտոնյաներին առաջարկ ունի. - «Եթե Ադրբեջանը պահանջ է դնում ավելի հին գնալու՝ 50-60-ական, ես էլ առաջարկում եմ մեր իշխանություններին գնալ դեպի 1925-26 թվականները, երբ Հայաստանի տարածքը 30 հազար 948 քառակուսի կմ էր, իսկ Ադրբեջանինը՝ 84 հազար 600 էր, ոչ թե 86 հազար 600»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն մերժում է Երևանի առաջարկները, մյուս կողմից հայտարարում, թե կողմ է պայմանագրի ստորագրմանըՀայկական կողմը պնդում է՝ սահման կգծվի միայն քարտեզ ամրագրելուց հետո
Հունվարի վերջին նախատեսված է սահմանազատման հանձնաժողովների նիստը: Այստեղ էլ Երևանն ու Բաքուն խոսում են տարբեր օրակարգերից: Ալիևը պնդել էր, թե «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է», հայկական կողմից հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն «Ազատությանը» երեկ ասել էր՝ նախ պետք է հստակ սահմանվեն օգտագործվելիք իրավական փաստաթղթերը և նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները:
Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր շեշտեց՝ հայկական կողմի դիրքորոշումն է, որ խաղաղության պայմանագրում հստակ քարտեզ ամրագրելուց հետո միայն տեղի ունենա սահմանազատում:
«Հետո այդ քարտեզը վերցնում են երկու կողմի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնողները ու սկսում են կոնկրետ կոորդինատներով գնալ և ասել՝ այստեղ Հայաստանն է, այստեղ Ադրբեջանն է: Ֆունդամենտալ հարցը քարտեզն է: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում շատ տեխնիկական է», - նշեց Պապոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում: Այս ամսվա վերջին սպասվող հանդիպման օրն ու վայրը դեռ հայտնի չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան