44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Պաշտոնյան մտահոգիչ համարեց ցուցանիշը, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ արդյոք ավելի քան երեք տարի անց այդ թիվը չի փոխվել։
«2023 թիվը մենք նաև հայտարարեցինք զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի», - ասաց նա։
Վահե Ղազարյանը միաժամանակ պնդեց`այդ պայքարում իրենք լավ արդյունքներ են գրանցել։ Ըստ նախարարի՝ 2023-ին կտրուկ ավելացել են ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։
Պատերազմից հետո քաղաքացիների մոտ անվերահսկելի թվով զինամթերքի առակայության մասին դեռ 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետն էր խոսել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հենց իր որոշմամբ է այդ զենքը քաղաքացիներին բաժանվել։ Վարչապետը, սակայն, չէր պարզաբանել՝ ինչ կարգով է զինամթերքը տրամադրվել քաղաքացիներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու առթիվ 50 քրեական գործ է քննվումՆերքին գործերի նախարարությունում նախարարն ու տեղակալներն այսօր ամփոփում էին անցած տարին։ Այդ թվում սեփական դրական վիճակագրությանը հղում անելով՝ պնդեցին, թե ոստիկանական բարեփոխումներում լուրջ ու հաջող արդյունքներ են գրանցել։
«Այստեղ թե միջազգային փորձագիտական կարծիքը, թե մեզ հետ համագործակցող միջազգային գործընկերների կարծիքը, թե նաև հանրության շրջանում մեր ունեցած վիճակագրական տվյալները փաստում են, որ մենք բավական լուրջ և հաջող արդյունքներ ենք գրանցել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում», - նշեց փոխնախարար Արփինե Սարգսյանը, նաև միևնույն ժամանակ ընդունեց՝ համակարգում դեռ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն։ Պաշտոնյան, սակայն, չհստակեցրեց, թե խոսքը մասնավորապես ինչ խնդիրների մասին է։
Ինքը՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր խուսափեց ուղիղ գնահատական տալ 2020-2022թթ. ոստիկանական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Իսկ դրանք իրավապահ ոլորտի ռազմավարության մշակմանը մասնակցած քաղհասարակության ներկայացուցիչները ձախողված էին որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանյան ՀԿ-ները պնդում են՝ կառավարությունը ձախողել է ոստիկանական համակարգի բարեփոխումները
Փոխարենը Վահե Ղազարյանը ևս միջազգային կառույցների գնահատականներն ու Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները մատնանշեց. - «Հանցավորության և անվտանգության ինդեքսում ՀՀ-ն 142 երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը, տարածաշրջանում առաջինն է, իսկ Երևանը՝ որպես անվտանգ քաղաք, 416 քաղաքացներից զբաղեցրել է 20-րդ տեղը։ Դա շատ լավ ցուցանիշ է, ինձ թվում է։ Նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2023 հունվար-մարտ ամիսների համար կատարած հարցումներին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետությունում որպես վստահություն ներշնչող կառույց զբաղեցնում է երկրորդ տեղը»։
Մինչդեռ իրավապաշտպանները շարունակում են ահազանգել՝ պարեկների կողմից մարդկանց բռնության ենթարկելու, նվաստացնելու դեպքերն ավելացել են։ Շեշտում են՝ միայն նախորդ տարի փաստաբաններին ծեծելու, քաղաքացիների խոշտանգման, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու տասնյակ միջադեպեր են գրանցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանական բռնության նոր դեպք. նշանակվել է ծառայողական քննությունՆերքին գործերի նախարարությունը 2024-ը հայտարարել է ճանապարհատրանպորտային պատահարների, թմրանյութերի դեմ պայքարի տարի։ Ինչպես է նախարարությունը գործնականում պայքարելու ՃՏՊ-ների դեմ՝ նախարար Ղազարյանն այդ հարցին էլ ուղիղ պատասխան չտվեց։ Միայն տարեսկզբի վիճակագրությունը ներկայացրեց՝ ցույց տալու, թե արդեն դրական փոփոխություն կան. - «Այսօր մենք ունենք՝ 2024 թվականին 139 դեպք, այսինքն՝ նվազում ունենք 41-ով, զոհերի առումով ունենք նվազում 19 դեպքով, վիրավորների թիվը՝ 256, 2024-ին՝ 223»։
Վիճակագրությունը փաստում է՝ ճանապարհատրանպորտային պատահարներից Հայաստանում տարեկան ավելի քան 300 մարդ է զոհվում։ 2023-ի 11 ամիսներին էլ, ըստ ոստիկանության, զոհերի թիվն անցել է 300-ը։ Զոհերը 52-ով ավելին են եղել անցած տարի։
Փոխնախարար Արամ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում արձանագրվել է 4368 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 362, և մարմնական վնասվածք ստացել 6 հազար 200 անձ։
Ներքին գործերի նախարարությունում նման վիճակագրությունը կապում են նաև նրանով, թե պարեկային ծառայությունը 2023-ի տարեվերջին ամբողջապես գործարկվեց ամբողջ Հայաստանում։