ՔՊ պատգամավոր. Անընդունելի է ապաշրջափակման այնպիսի տարբերակ, որը կասկածի տակ կդնի ՀՀ ինքնիշխանությունը

Հայաստանի դրոշը Ադրբեջանի հետ սահմանին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքում, արխիվ

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի չորս սկզբունքները հստակորեն մատնանշում են, թե ինչպես պետք է տեղի ունենա տարածաշրջանի տնտեսական և հաղորդակցային կապուղիների ապաշրջափակման գործընթացը, «Ազատության» հարցին ի պատասխան փոխանցել են Հայաստանի արտգործնախարարությունից։ Ճանապարհների բացման հարցում Երևանը կարևորում է սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության պահպանումը:

Ադրբեջանի պատկերացումները, սակայն, տրամագծորեն հակառակն են: Բաքվից շարունակում են պնդել, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային և սահմանային վերահսկողության: Հայ - ադրբեջանական բանակցությունների շրջանակում կողմերը նաև կապուղիների ապաշրջափակման շուրջ են միմյանց տարբեր մոտեցումներ ներկայացնում, հայտնում են Արտգործնախարարությունից՝ առանց կոնկրետ քննարկվող տարբերակները գաղտնազերծելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկ»-ը հստակորեն մատնանշում է, թե ինչպես պետք է տեղի ունենա ապաշրջափակման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, ուղիղ հայտարարում է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չեն բացի:

«Նախ և առաջ՝ նրանք մեզ պետք է անխոչընդոտ անցում տան Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է ազատորեն անցնեն, առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության», - ասել է Ալիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մերժում է Երևանի առաջարկները, մյուս կողմից հայտարարում, թե կողմ է պայմանագրի ստորագրմանը

Պաշտոնական Երևանն Ադրբեջանի նախագահի այս զգուշացմանն ու խաղաղության գործընթացին առնչվող մյուս հայտարարություններին արդեն երկրորդ օրն է չի արձագանքում: Մինչ այդ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն է վստահեցնում, թե հայկական կողմի համար անընդունելի է ապաշրջափակման այնպիսի տարբերակ, որը կասկածի տակ կդնի Հայաստանի ինքնիշխանությունը:

«Դա անընդունելի է, էն, որ մենք էսօր գտնվում ենք նման վիճակում, դա թույլ չի տալիս Ալիևին, որ նման արտահայտություն անի։ Կարա՞ ինքը նման արտահայտություն անի Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված՝ դե թող էդպիսի արտահայտություն անի Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված։ Թե՞ ինքը կարծում է, որ այսպես կոչված ռազմական հաջողություններ է արձանագրել որոշ դրվագներում և կարող է պատահի թելադրի՞՝ չարաչար սխալվում է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Աղազարյանը։

Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ երթևեկության մասին խոսելիս Բաքուն հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Հայկական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում է՝ այդ փաստաթղթում միջանցքային տրամաբանության մասին խոսք չկա: Իսկ արցախյան դեպքերից հետո, երբ խախտվեց փաստաթղթի հիմնարար դրույթներից մեկը և Ղարաբաղը հայաթափվեց, հայաստանցի պաշտոնյաները հստակ հայտարարում են՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի գործում:

Չնայած սրան՝ Ալիևը եռակողմ փաստաթուղթը հիշեցնելով է նաև պնդել, թե ճանապարհի մոտ 43 կմ հատվածի անվտանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները:

«Տարբերություն չկա, թե մենք մեր սուվերեն իրավունքը ում կզիջենք՝ Ադրբեջանի՞ն, թե՞ ռուսներին։ Էդ իմաստով բացարձակապես տարբերություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա, նախ՝ էդ փաստաթղթում էդպիսի կետ չկա՝ միջանցքների բացելու՝ էն իմաստով, ինչ որ Ալիևն է ակնկալում կամ ակնկալել, և երկրորդը՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կա՞», - ասաց Աղազարյանը։

Հայ - ադրբեջանական բանակցություններում Երևանն ու Բաքուն ոչ միայն ապաշրջափակման, այլ նաև սահմանազատման սկզբունքների շուրջ համաձայնություն չունեն: Այստեղ էլ Ալիևը փաստաթղթում կոնկրետ քարտեզ ամրագրելուն համաձայն չէ: Դելիմիտացի գործընթացում ԽՍՀՄ վերջին քարտեզները հիմք ընդունելու փոխարեն առաջարկում է հետ գնալ 1940-ից 1960-ականները՝ պնդելով, թե հենց այդ շրջանում են ադրբեջանական հողերը փոխանցվել Հայաստանին:

Ադրբեջանի առաջնորդի այս հռետորաբանությունը, իշխանական պատգամավորի գնահատմամբ, չի հուշում, թե նրա նպատակը խաղաղությունն է: Հովիկ Աղազարյանը կասկածներ ունի՝ գուցե ստորագրումն էլ չերաշխավորի այդքան սպասված խաղաղությունը:

«Դու կարող ես էսօր խաղաղության պայմանագիր ստորագրես, վաղը ռազմական ակտ իրականացնես։ Խաղաղության պայմանագիրը պետք է գա և հաստատի էն իրողությունները, թղթին հանձնի էն իրողությունները, որոնք հաստատվում են։ Այսինքն, դուք գտնում եք, որ Ադրբեջանը եթե էսօր հնարավորություն ունենա, էն խնդիրները, որոնք ինքը նպատակ ուներ լուծելու, չի՞ լուծի ռազմական ճանապարհով։ Իհարկե կլուծի», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

Իսկ թե ինչպես էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, նրանց թվում՝ Ազգային ժողովի նախագահը կանխատեսում, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, անգամ նրանց թիմակից Հովիկ Աղազարյանը չի հասկանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան