Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը շատ կոնկրետ և գործուն քայլեր անելու՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման ուղղությամբ, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հավաքի ընթացքում։
Միջազգային այս հավաքը նախաձեռնել և հյուրընկալել է Երևանը: Հայաստանում են մի շարք երկրների արտգործնախարարներ ու տասնյակ երկրների այլ ներկայացուցիչներ։
Դեպի ծով հասանելիության մեծացման ու տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, ընդգծեց Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում, երկու՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով: Մենք նույն խնդիրն ու պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները՝ նախկինում գոյություն ունեցած վերակառուցելու և վերաբացելու առումով», - նշեց վարչապետը:
Երևանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ»-ի հիմքում հստակ սկզբունքներ կան, որոնցից գլխավորն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս նախագիծն առնչվում է դեպի ծով ելք չունեցող երկու երկրների՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին: Այսօր էլ մենք, ըստ էության, դեպի ծով ելքի հնարավորություն ունենք բարեկամական, եղբայրական Վրաստանի և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, բայց մենք, կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները՝ դեպի ծով ելքի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի, շարունակեց Փաշինյանը՝ հարցնելով, թե իրականում՝ ինչքանո՞վ է դա հնարավոր: Ըստ վարչապետի՝ կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են, որ խաղաղության հավանականությունը մեծ չէ, մյուս կողմից կան նաև դրական զարգացումներ, որի օրինակը, ըստ Փաշինյանի, երեկ տեղի ունեցած գերիների փոխանակումն է։
«Կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի 0-ական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Մինչ այդ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Երևանն ամեն կերպ արդիականացնում է եղած հաղորդակցային ու տրանսպորտային ուղիները, օրինակը «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունն է, որն ի դեպ՝ Հայաստանը կառուցում է արդեն 1 տասնյակից ավելի։
«Որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է մեր երկրի համար: Այն ոչ միայն կապահովի ավել դյուրին հաղորդակցություն Հայաստանի հյուսիսային ու հարավային շրջանների միջև, այլ նշանակալի կերպով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությունը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջև, - ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք տարանցիկ երկրների՝ Հնդկաստան, Վրաստան ու Թուրքիայի պատվիրակներ, ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ այս երկրներով տարանցման հնարավորությունը տնտեսական առումով կարևոր է Հայաստանի համար։
«Միջոցառումը ևս ի մի է բերում երկրների այս երկու խմբին՝ քննարկելու համար այն բացերը, որոնք առկա են տարածաշրջանային դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև հարաբերություններում՝ ուսումնասիրելու այն բոլոր հնարավորությունները և հեռանկարները, խորացնելու համագործակցությունը», - նշեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության վարչություն պետ Դավիթ Կնյազյանը:
Նախարարական հավաքին մասնակցելու համար հրավերներ Երևանն ուղարկել էր նաև Բաքվին, Ադրբեջանից ներկայացուցիչ Հայաստան չէր եկել, իսկ Անկարայինց Երևան է ժամանել Արտգործնախարարության առաջին քարտուղարը։