Ուկրաինան չի դիմանա առանց Եվրամիության շարունակական օգնության, այսօր Էստոնիա կատարած այցի ընթացքում հայտարարել է այդ երկրի նախագահը, միաժամանակ հավելելով, թե դեմ է այս փուլում պատերազմը կանգնեցնելու առաջարկներին:
«Ուկրաինայի տարածքում՝ մարտի դաշտում դադարը պատերազմի ավարտ չէ, դա չի հանգեցնում քաղաքական երկխոսության Ռուսաստանի հետ: Այս դադարը միայն օգուտ կբերի Ռուսաստանի Դաշնությանը», - նշել է Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին համոզված է, որ Մոսկվան անկեղծ չէ խաղաղության գնալու հարցում, և եթե անգամ համաձայնի հրադադարին, դա կլինի ժամանակավոր՝ Ռուսաստանի մաշված բանակը ուժեղացնելու, նոր սպառազինություն արտադրելու համար։
Պատրաստվելով երկարատև հակամարտության՝ այսօր Ուկրաինայի խորհրդարանի օրակարգ մտավ մոբիլիզացիայի մասին օրինագիծը, որով առաջարկվում է զորակոչել մինչև 26 տարեկաններին։ Մինչ օրս Կիևը խնայում էր երիտասարդներին, սակայն օր-օրի մարդուժի պակասը զգացնել է տալիս։ Դեռևս անցած ամիս Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան հավելյալ շուրջ կես միլիոն զինվորի կարիք ունի, որոնց պետք է մոբիլզիացնել մոտ ապագայում։ Թե կոնկրետ երբ, հայտնի չէ․ օրենսդիրները հասարակական դժգոհությունների ֆոնին օրինագիծն այսօր վերադարձրել են կառավարություն՝ լրամշակման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին տարին ամփոփող ասուլիս է տալիսՓորձագետները, սակայն, պնդում են, թե այս փոփոխությունն անխուսափելի է, եթե Կիևն ուզում է շարունակել պատերազմը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի գրեթե երկու տարիների ընթացքում Ուկրաինայում սպանվել է ավելի քան 10 հազար 200 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 575 երեխա։
Երեկ երեկոյան ռուսական կողմը կրկին հրթիռակոծել է Խարկովը։ C300-ի թիրախում է հայտնվել քաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկը, առնվազն 13 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 37-ամյա մի թուրք լրագրող:
Ռուսաստանը ոտնահարում է միջազգային նորմերը՝ սաստկացնելով ուկրաինացի ժողովրդի տառապանքը. Ռոբերտ Վուդ
Վաշինգտոնի տվյալներով՝ ռուսները Ուկրաինայում օգտագործում են նաև հյուսիսկորեական հրթիռներ՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի էմբարգոն։ Երեկ խորհրդի յոթ անդամ երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ռուսաստանին՝ արգելանքը շրջանցելու և հյուսիսկորեական հրթիռներով Ուկրաինային հարվածելու համար:
Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը Ռուսաստանի պահվածքը որակել է «զզվելի»:
«Զզվելի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը կոպտորեն խախտում է խորհրդի բանաձևերը՝ հարձակվելով ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության վրա։ Սրանք խախտումներ են, որոնք ավելացնում են ուկրաինացի ժողովրդի տառապանքը, աջակցում են Ռուսաստանի դաժան պատերազմին և խարխլում զենքի չտարածման գլոբալ ռեժիմը», - հայտարարել է նա:
Անցյալ շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ռուսաստանը Փհենյանից ստացած բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական քաղաքներին դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին: Ուկրաինական քաղաքները մշտական ռմբակոծության տակ պահելուց բացի ռուսական ուժերը ակտիվ հարձակողական գործողություններ են նախաձեռնում ճակատի ողջ երկայնքով։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Facebook-ում գրել է, որ ռուսները փորձում են առաջ շարժվել բոլոր ուղղություններով, ուկրաինական բանակը, սակայն, նրա խոսքով՝ հետ է մղում բոլոր հարձակումները։ Թե որքա՞ն կկարողանան ուկրաինացիները պահել դիրքերը և ե՞րբ կկարողանան հակահարձակման գնալ՝ կախված է նաև արևմտյան օգնությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվումԹե՛ Եվրամիությունում, թե՛ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի համար առաջարկված օգնությունը դեռևս մնում է սառեցված․ երկու դեպքում էլ դեռ բանակցություններ են ընթանում։
Մինչ այդ, երեկ՝ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, թե կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին։
«Այժմ, երբ Մոսկվան ակտիվացնում է ուկրաինական քաղաքների հրետակոծությունը, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ամրապնդում են Ուկրաինայի օդային պաշտպանությունը», - հայտարարել է դաշինքի քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Բայդենի վարչակազմն աջակցում աջակցում է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը. «Բլումբերգ»
«Բլումբերգ»-ն էլ, հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդին, գրել է, թե Բայդենի վարչակազմն աջակցում է օրենսդրությանը, որը թույլ կտա գրեթե 300 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներ բռնագրավել։ Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է համաձայնեցնել այդ քայլը Մեծ յոթնյակի դաշնակիցների հետ, հատկապես Եվրոպայում, որտեղ պահվում են մոտ 200 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներ: Ինչի՞ վրա և ե՞րբ կարող են օգտագործվել այդ ակտիվները դեռ հայտնի չէ:
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Ուկրաինայի վերականգնումը պատերազմից հետո կարող է արժենալ մոտ 411 միլիարդ դոլար: