Մատչելիության հղումներ

Ուժգին կրակի տակ են խաղաղ բնակիչները և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում


Ուկրաինա - Հրդեհ Կիևում՝ ռուսների հերթական հրթիռային հարվածից հետո, 2-ը հունվարի, 2024թ.
Ուկրաինա - Հրդեհ Կիևում՝ ռուսների հերթական հրթիռային հարվածից հետո, 2-ը հունվարի, 2024թ.

Ռուսական բանակն այս գիշեր ու առավոտյան կրկին ինտենսիվ ռմբակոծել է Կիևը և Խարկովը՝ օգտագործելով տասնյակ հրթիռներ ու անօդաչուներ: Զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, վիրավորվել է 119-ը։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակումները միայն ամրապնդում են ուկրաինացիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ազատությունը, հայտարարել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքը։

«Վերջին հինգ օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 450 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Պուտինը սպանեց և վիրավորեց խաղաղ բնակիչների, հազարավոր մարդկանց ժամանակավորապես զրկեց լույսից ու ջերմությունից, փորձեց կոտրել ազգի կամքը, բայց նա միայն ամրապնդեց իրենց ազատությունը պաշտպանելու ուկրաինացիների վճռականությունը, ամրապնդեց մեր վճռականությունը՝ աջակցել Ուկրաինային գոյության պայքարում, ինչը կարևոր է Եվրոպայի և այլ երկրների անվտանգության համար», - X սոցիալական ցանցում գրել է դեսպանը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն էլ գրել է, որ Արևմուտքը կկանգնի Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա կյանքն առանց վախի և սարսափի:

«Յուրաքանչյուր հրթիռով Պուտինը ցույց է տալիս, որ ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան: Պաշտպանության համակարգերը, որոնք մենք մատակարարում ենք ամեն օր, կյանքեր են փրկում: Մենք կանգնելու ենք Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր կարիքն ունեն», - գրել է Բերբոքը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով հունվարի 2-ին Ուկրաինային ռուսական հարվածները։

Անցած տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության հինգ համակարգեր, որոնք ունակ են չեզոքացնել ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռները։ Այս տարի նախատեսվում է մատակարարել ևս առնվազն երկու նման համակարգ։

Այս գիշեր ռուսական հրթիռային հարվածի տակ էր հայտնվել նաև հենց Ռուսաստանի տարածքը՝ Վորոնեժի մարզի գյուղը, որտեղ առնվազն յոթ տուն լրջորեն վնասվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Վորոնեժի մարզի գյուղը ռմբակոծվել է «ինքնաթիռի զինամթերքի սխալ լիցքաթափման պատճառով»:

Բացի այդ, ռուսական կողմը պնդում է, թե հետ են մղել Ուկրաինայի կողմից Բելգորոդի վրա պատասխան հրթիռային հարձակումը։ Քաղաքում և մարզում ավերածություններ կան, նահանգապետը հայտնել է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին:

Մինչ ճակատում լուրջ փոփոխություն չկա, ուժգին կրակի տակ են խաղաղ բնակիչները և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում:

Դեկտեմբերի 29-ին ռուսական ուժերն աննախադեպ ուժգին հրթիռակոծել էին ուկրաինական քաղաքները, 30 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել։

Հաջորդ օրը ուժգին ռմբակոծության տակ էր ռուսական Բելգորոդը։ Վերջին տվյալներով՝ մահացել է 25 մարդ, հունվարի 1-ին հայտնի է դարձել հիվանդանոցում 4-ամյա աղջկա մահվան մասին։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել Բելգորոդի հրթիռակոծությունը:

Բելգորոդի գնդակոծությունից հետո նախագահ Պուտինը սպառնացել է, որ ռուսական զորքերն ավելի հաճախակի հարձակումներ կսկսեն Ուկրաինայի վրա։ Եվ արդեն մի քանի օր է՝ Ուկրաինայի տարածքը, խոշոր քաղաքները՝ Կիևը, Խարկովը, Օդեսան ուժգին հրթիռակոծության տակ են, և ռուսական բանակն օգտագործում է այդ թվում բալիստիկ ու թևավոր հրթիռներ։

XS
SM
MD
LG