Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Բաքուն փորձի իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ստանալ ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի պահանջը և ոչ մի քայլ ետ չի գնալու զբաղեցրած դիրքերից։ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ Հայաստանի տարածքներից։
«Ազատություն». - Ալիևն ասել է, որ ոչ մի քայլ ետ չեն գնալու զբաղեցրած դիրքերից: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օկուպացված տարածքներն ազատելու հարցի լուծումը, եթե ետ չեն գնում:
Անդրանիկ Քոչարյան․ - Խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր պայմանները կատարելով:
«Ազատություն». - Ի՞նչն է ստիպելու Ալիևին ետ գնալ մեր տարածքներից:
Անդրանիկ Քոչարյան․ - Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը, այն, ինչ որ կատարվում է այսօր Հայաստանի սահմաններում, ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են։ Մի՛ մոռացեք՝ 94-ից իրենք գլուխները կախ մտածում էին այն խնդիրների լուծման շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին այն բանակը, որով լուծեցին։ Մենք ունենք կորուստներ, և հիմա ամեն օր մենք պետք է մեր անվտանգային վիճակն ուժեղացնենք։
«Ազատություն». - Մոտ ապագայում տեսնո՞ւմ եք, որ նրանք դուրս կգան մեր տարածքներից:
Անդրանիկ Քոչարյան. - Այո՛, և նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով, պարտադիր։
«Ազատություն». - Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է ուժի միջոցով վերցնել իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:
Անդրանիկ Քոչարյան․ - Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, ուրիշ բան՝ մենք դրանք կանխելու հնարավորություն էսօր ստեղծե՞լ ենք, թե՞՝ ոչ: Մենք ստեղծում ենք ամեն օր:
«Ազատություն»․ - Բայց կգնա՞ Ադրբեջանը այդպիսի քայլի։
Անդրանիկ Քոչարյան․ - Դե կգնա, մեզ ի՞նչ է մնում, պիտի պաշտպանվենք, թե չէ:
«Ազատություն»․ - Այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։
Անդրանիկ Քոչարյան. - Իհարկե:
«Ազատություն»․ - Ասում է՝ առանց մաքսային վերահսկողության, առանց որևէ խոչընդոտի «մենք Ադրբեջանից պետք է Ադրբեջան գնանք Հայաստանի տարածքով», Մեղրիով, ընդ որում։
Անդրանիկ Քոչարյան. - Բայց, հիշո՞ւմ եք՝ Լաչինի միջանքում երբ որ անցակետ դրեց, ինքը մաքսակետ բացեց... դե գիտեք՝ լավ, վատ, այնքան հարաբերական հարց է։ Հլը հարց է, երբ որ մեզ համար ինքը վատը պատկերացնում է, բա որ սկսվի, բա որ վատ լինի իրենց համար։
Դրա համար խաղաղությամբ ապրելն ամենաճիշտն է, որովհետև այսօր աշխարհն ինչքան էլ կռվում է, վերջում կռվում է խաղաղության համար։ Ուկրաինա, Իսրայել... վերջը պիտի՞ կռիվը մի օր ավարտվի, և որպեսզի այդ կռիվը երբեք չսկսվի, եկեք մեր, մեր պետության հիմքերն ամրացնենք, և ոչ թե ամեն մի առիթից սկսենք պաշտոնանկությունների ուղղությամբ կենտրոնանալ, այլ այդ ամրություններն ամրացնելու ուղղությամբ։ Այ եթե թերանանք, բոլորիս պետք է մեր ժողովուրդը ընտրությունների միջոցով փոխի։