Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Ռոստովի, Տուլայի և Կալուգայի մարզերում։
Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան ասել է, որ մեկ անօդաչու թռչող սարք պայթել է Կալուգայի պոմպակայանի մոտ՝ վնասելով շենքը, սակայն հրդեհ չի առաջացել:
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևն էլ տեղեկացրել է, որ գիշերը Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի տարածքում ՀՕՊ-ն ավիացիոն տիպի երկու ԱԹՍ է խոցել։ Զոհեր և վիրավորներ չկան։
Կիևը ևս հաղորդում է Ռուսաստանի կողմից հրթիռային հարվածների մասին՝ նշելով, որ հրթիռն ընկել է Խարկովի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա, տուժել է 11 մարդ, այդ թվում՝ հյուրանոցում գտնվող լրագրող, Տելեգրամում գրել է Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։
Տուժածները հյուրանոցի աշխատակիցներ են, հյուրեր, զինվորականներ հյուրանոցում չկան, հաղորդում են Կիևից։
Վերջին շրջանում Ռուսաստանը ուժեղացրել է հարձակումները Խարկովի վրա։ Չնայած քաղաքացիական հրետակոծության ապացույցներին՝ Մոսկվան պնդում է, որ թիրախավորում է միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը հաղորդում է Կիևի և Խարկովի վրա զանգվածային հրթիռային հարձակման մասին