Հայաստանը բավականին ընդգրկուն օրակարգ ունի եղբայրական և բարեկամ Հունաստանի հետ, ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն՝ Եվրոպական միության շրջանակում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական միության և ընդհանրապես, միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է Հայաստանին։ «Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը», - ասել է վարչապետը:
Հունաստանի ԱԳ նախարարը, իր հերթին, շատ արդյունավետ և կառուցողական է գնահատել հանդիպումը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ընդգծել, որ հայ և հույն ժողովուրդները դարերից եկող եղբայրական հարաբերություններ ունեն: «Իմ այս այցը կարևոր ազդանշան է մեր երկկողմ հարաբերությունների համար», - ասել է Միցոտակիսը: - «Ընդգծեմ, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում»:
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող թեմաներ:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:
Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպմանը կողմերն անդադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքները խստագույնս պահպանելու միջոցով, հայտնում են ԱԽ գրասենյակից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը շահագրգռված է բանակցությունների շարունակմամբ․ Արարատ ՄիրզոյանՀունաստանի ԱԳ նախարարը Երևանում է, հանդիպել է Միրզոյանի հետ