Բաքվի հետ բանակցությունները մեծ հաշվով միշտ էլ եղել են ուղիղ և Երևանը շահագրգռված է բանակցությունների շարունակմամբ, այսօր Հունաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց՝ հանդիպել են տարբեր մայրաքաղաքներում, եղել են երկրներ, կողմեր, որոնք արագացրել են այդ հանդիպումները, կազմակերպել են այդ հանդիպումները, երբեմն կառուցողական առաջարկներով են փորձել հանդես գալ կամ կամրջող ձևակերպումներով, բայց, միևնույն է, բանակցությունները միշտ էլ եղել են երկկողմ։
«Մենք շահագրգռված ենք բանակցությունների շարունակմամբ։ Մենք նաև ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել, և ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը և շարունակել մեր բանակցությունները», - հայտարարեց Միրզոյանը։
Բաքուն բազմիցս հայտարարել է, որ նախընտրում է բանակցությունների ուղիղ ձևաչափը։ Անցած տարեվերջին Ադրբեջանն առաջարկեց երկու երկրների սահմանին արտգործնախարարների երկկողմ հանդիպում անցկացնել՝ հիշեցնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ բանակցություններ են վարել սահմանին։
Այս տարվա հունվարի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր ձևաչափն է ամենաարդյունավետը՝ հայ-ադրբեջանական ուղիղ քննարկումները, «3+3» հարթակը, թե՞ Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները, վերահաստատել էր՝ յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, բայց նախընտրում են ուղիղ ձևաչափը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել. Ամիրբեկով