Արկադի Թամազյանը դիմել է կառավարություն՝ պահանջելով կասեցնել իրեն փոխարինած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները

Այսօր Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը, որ անցած տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ պաշտոնանկ արվեց, դիմել է կառավարություն, պահանջելով կասեցնել իրեն փոխարինած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, քանի որ վարչական դատարանն սկսել է քննել իր հայցը։

Աղմկոտ պաշտոնանկությունից հետո Թամազյանը դատի էր տվել Ալավերդու ավագանուն՝ վիճարկելու 27 անդամներից 14-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու և ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթացը։ Նախկին համայնքապետը պնդում է՝ ավագանու որոշումը պետք է կասեցվի, Ալավերդիում իշխանության եկած Դավիթ Ղումաշյանն էլ՝ դադարեցնի պաշտոնավարումը մինչև դատարանի վերջնական վճիռը, ու ինքն այդ ընթացքում վերադառնա իր նախկին պաշտոնին, որից զրկվել է ավագանու վիճարկվող որոշման հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Թամազյանին, նոր համայնքապետը Ղումաշյանն է

Դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելուց հետո Թամազյանն իր ֆեյսբուքյան էջում իրեն փոխարինած Ղումաշյանին կոչ էր արել հեռանալ պաշտոնից։

«Կոչ եմ անում Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով», - գրել էր նախկին համայնքապետը։

Այսօր «Ազատությանն» ասաց՝ իր պահանջը չի կատարվել, ուստի դիմել են ավելի վերևներին. - «Իրավական ակտի կասեցումը նշանակում է համայնքի ղեկավարի աշխատանքային պրոցեսը վերականգնել, շարունակել մինչև դատարանի վճիռ: Եթե կլինի պատասխան, դրա հիման վրա լրացուցիչ կդիմենք դատարան արդեն»:

Անցած տարեվերջին դատարանը վարույթ է ընդունել Թամազյանի հայցն ու առաջին դատական նիստը նշանակել փետրվարի 5-ին։ Հայցը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշման մեջ որևէ նշում չկա գործող ղեկավարի լիազորությունների կասեցման մասին, մինչդեռ Թամազյանը վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածն է մեջբերում, ըստ որի «հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»։

Արկադի Թամազյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ավագանու այն որոշումը, որով համայնքապետի պաշտոնում իրեն փոխարինել է Դավիթ Ղումաշյանը։

«Եթե իրավական պետությունում ապրենք, հույս ունեմ, որ ամեն ինչ ճիշտ կլինի: Ամեն դեպքում շատերը պատկերացնում էին, որ վարույթ չեն ընդունի դատարան, բայց փաստը դուրս եկավ, որ վարույթ ընդունեց դատարանը», - նշեց նա:

Մինչդեռ գործող համայնքապետի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանն ասում է՝ իրենք որևէ գործողություն չեն ձեռնարկում, բացի այն, որ փետրվարի 5-ին կմասնակցեն դատական նիստին՝ որպես գործի երրորդ կողմ։

«Մենք այս պահին ոչ մի գործողություն չենք կատարում, փետրվարի 5-ին առաջին դատական նիստն է լինելու, մենք որպես կողմ մասնակցելու ենք դատական ամբողջ պրոցեսին», - ասաց Ձավարյանը:

Թերևս իր պաշտոնանկությունը կանխելու նպատակով Թամազյանն ու իր թիմակիցները դեռ ՔՊ-ի նախաձեռնությունից առաջ անվստահության գործընթաց էին նախաձեռնել, բայց քվորումի պատճառով այն չէր կայացել։ Հիմա պնդում են, որ միայն նախաձեռնելն արդեն սահմանափակում է ևս մեկ տարի անվստահության այլ գործընթացի հնարավորությունը։ Ուստի համարում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունն արդեն անօրինական էր։

Ալավերդիում ընդամենը մեկ տարի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունը նաև անօրինականություններ է մատնանշում ավագանու այն նիստի օրը, երբ ընդդիմադիր ՔՊ-ն այստեղ իշխանության եկավ։

Ալավերդին Լոռու մարզի միակ համայնքն է, որտեղ 2022 թվականի ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժ հաղթեց։ Մեկ տարի անց «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվեց 27 հոգանոց ավագանիում ընդամենը մեկ ձայնի առավելություն ունեցող «Ապրելու երկրի» այդ մեկ անդամին իրենց կողմը ներքաշել ու մեծամասնություն դառնալ։ Այդկերպ էլ հնարավոր եղավ կազմակերպել անվստահության գործընթացը, որին ակտիվ մասնակցում էր Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Նա ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածուն էր, բայց պարտություն էր կրել, ավագանու մանդատը վայր դրել ու վերադարձել խորհրդարան։

ՔՊ-ականները հակադարձելով «Ապրելու երկրին»՝ պնդում են, որ օգտագործել են ՏԻՄ օրենքի հնարավորություններն ու իրացրել իրենց իրավունքը, ընդ որում՝ առանց որևէ խախտման։