«Չենք ցանկանում, որ Իսրայելը լարվածությունը սրող քայլեր անի»․ Միլլերը՝ Երուսաղեմում հայերի վրա հարձակումների մասին

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումները։

Լրագրողի դիտարկմանը, թե Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն ղեկավարությունը խոր մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հակամարտությունը՝ հայկական թաղամասից բազմաթիվ հայ քրիստոնյաների դուրս մղելու համար և հարցին, թե ինչպիսի՞նն է ԱՄՆ արձագանքն այդ մտահոգություններին, Միլլերը, մասնավորապես, պատասխանել է․ - «Կոնկրետ արձագանք չկա: Բայց ինչպես բազմիցս ասել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը»։

Դեկտեմբերի վերջին Երուսաղեմի հայ համայնքը հայտարարեց, թե ավելի քան երեք տասնյակ դիմակավորված, զինված անձինք ներխուժել են վիճահարույց դարձած «Կովերի պարտեզ» ու հարձակվել եպիսկոպոսների, քահանաների, հայ համայնքի ներկայացուցիչների վրա, ծանր վիրավորներ, բերման ենթարկվածներ կան։

«Այդ հարձակվողները, որոնք ուղարկվել էին ընկերության կողմից, փորձել են հողատարածքն իրենց ձեռքն առնել», - «Ազատությանը» փոխանցել էր Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ջրնազյանը։

Այս տարածքի շուրջ կրքերը բորբոքվեցին անցած գարնանը, երբ պարզվեց, որ Հայոց պատրիարքարանը 100 տարով ու վիճահարույց պայմաններում իսրայելական ընկերությանը վարձակալության է հանձնել ոչ միայն «Կովերի պարտեզ» տարածքը, այլև թաղամասում գտնվող 5 տուն ու պատրիարքարանի մի քանի շինությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելում պատերազմի ֆոնին Երուսաղեմի հայերը պայքարի մեջ են մտնում Սուրբ հողի համար