ՀՀԽ. Հանրային հ/ը-ը չի հրաժարվել հեռարձակել Վեհափառի ուղերձը

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդը հանդես է գալիս ամանորյա ուղերձով, արխիվ

Խորհուրդը պնդում է, որ բավարարել են Մայր Աթոռի բանավոր դիմումը:

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը, հայտարարում է Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ):

«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին», - ասված է հայտարարությունում:

Այդուհանդերձ, ըստ հայտարարության, կիրակի օրը Մայր Աթոռի անունից Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Վեհափառ հայրապետի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

«Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է», - փոխանցում է ՀՀԽ-ը:

Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և, ըստ ՀՀԽ-ի, հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։

«Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։

Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա», - ասված է հաղորդագրությունում:

Հանրային հեռուստաընկերությունն ի տարբերություն նախորդ տարիների դեկտեմբերի 31-ին կեսգիշերից առաջ չհեռարձակեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը: Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ հեռուստաընկերությունից առաջարկել էին ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռը պատշաճ չի համարել և մերժել է»:

Համացանցում տվյալ թեման այս օրերին ամենաակտիվ քննարկվողներից է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ Հանրայինը չհեռարձակեց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային ՀԸ-ը հրաժարվել է Կաթողիկոսի ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ. Մայր Աթոռ