Ոստիկանության Կումայրիի բաժնի պետը պնդում է՝ ազնիվ ճանապարհով է վաստակում. Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Կարեն Գևորգյանը (ձախից), Դանիել Իոաննիսյանը (աջից)

Ոստիկանության ատեստավորման հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը դիմել է իրավապահներին, որ քննեն՝ արդյո՞ք ոստիկանության Կումայրիի բաժնի պետը ապօրինի է հարստացել, թե՝ ոչ։

Կարեն Գևորգյանը երեկ ատեստավորվել է, ստացել է 13 անդամից բաղկացած հանձնաժողովի մեծամասնության դրական գնահատականը։ Կամավոր ատեստավորումն անցնելու դեպքում բարձրաստիճան ոստիկանի աշխատավարձը մոտ երկու անգամ կբարձրանա։

Այնինչ հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ստուգել է Գևորգյանի հայտարարագրերն ու պարզել՝ մեկ տարվա ընթացքում նա և նրա մանկավարժ կինը ավելի շատ են ծախսել, քան վաստակել են։

«Իրենց դրամական միջոցներն ավելացել են 8 միլիոնով, գումարած՝ իրենք 2.8 միլիոնի վարկ են փակել, իրենք 1 միլիոնով ավտո են առել, առնվազն 2 միլիոն ծախսել են ուղղակի ապրելու վրա մեկ տարվա ընթացքում։ Այդ թվերի մեջ շատ մեծ տարբերություն է, իրենց ստացած 7.7 միլիոն ու իրենց ծախսած 10 ու քանի միլիոնը շատ ուժեղ իրարից տարբերվում են», - ասում է նա։

Այնինչ, 47-ամյա ոստիկանը հակադարձում է՝ ինքն էլ, կինն էլ վաստակում են ազնիվ ճանապարհով։ Կինս ատեստավորված մանկավարժ է, «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը։

«Թող իրավական դաշտում պարզաբանեն, ամեն ինչ պարզեն, ես որևէ խնդիր չունեմ, աշխատում եմ իմ աշխատավարձով, կինս աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ատեստավորված ուսուցիչ է։ Ես ունեմ ծնողներ, գյուղում են բնակվում, ունեմ եկամուտներ գյուղից, որևիցե խնդիր չունեմ դրա հետ կապված», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանյան ՀԿ-ները պնդում են՝ կառավարությունը ձախողել է ոստիկանական համակարգի բարեփոխումները

Իրավապաշտպանը, սակայն, պնդում է՝ օրենքի ներկայացուցիչը կեղծում է։ Այլ օրինակ էլ է բերում՝ ըստ հայտարարագրի՝ 2022-ին բնակարան է նվեր ստացել, բայց ատեստավորման ժամանակ չի թաքցրել, որ նվեր տվողին 13 հազար դոլար է նվիրել։

«Մի հատ 22 թվականին են բնակարան ձեռք բերել Գյումրիում, մի հատ 21 թվականին Երևանի կենտրոնում, ու 22 թվականին Գյումրիի բնակարանը հայտարարագրում գրված է, որ նվեր են ստացել, բայց ինքը բանավոր ասաց, որ առել են», - նշեց Իոաննիսյանը։

Կարեն Գևորգյանը, սակայն, այսօր պնդեց՝ կինն է ընդամենը 31 քառակուսի մետրանոց բնակարան նվեր ստացել։ Հերքեց, թե դրա դիմաց փող է տվել նվիրատուին, ընդամենը նրան փոխադարձ լավություն է արել։

«Դե կարող է ինչ-որ մի լավություն եմ արել, ես ազնվորեն զրույց եմ արել, դա իմ անձնական հարցն է», - արձագանքեց նա։

«Նույն տրամաբանությամբ հացի խանութում նվեր ստացա մատնաքաշ և նվեր տվեցի 200 դրամ, այսինքն՝ ծիծաղալու էր», - ասաց Դանիել Իոաննիսյանը։

Մինչ ոստիկանության ներկայացուցիչը պնդում է՝ իր գործողություններում հանցագործության որևէ տարր չկա, նրան բացասական գնահատական տված Իոաննիսյանը այլ՝ համակարգային խնդիր է բարձրացնում։ Գործընկերոջը դրական գնահատած հանձնաժողովական ոստիկանները լոյալ են, հակված չեն իրականությունը գնահատել ու ազատվել թույլ բարեվարքություն ունեցողներից. - «Հանձնաժողովի անդամ ոստիկանների ամբողջությամբ լոյալ վերաբերմունքն էր, և ոչ միայն լոյալը, այլև այն, թե իրենք ինչպես էին փորձում հուշել Կումայրի բաժնի պետին, թե ինչպես պատասխանել իմ հարցերին»։

Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանն, իր հերթին, հակադարձում է՝ ատեստացիայի ընթացքում հայտարարագիրը քննարկման առարկա չէ, բայց եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է քննարկել այլ մարմիններում. - «Իհարկե, ատեստացիայի ընթացքում հանձնաժողովի անդամները կարող են տարատեսակ հարցեր ուղղել ծառայողին, սակայն ատեստացիայի ընթացքում քննարկման առարկա չի դարձվում ծառայողի հայտարարագիրը։ Ատեստացիայի ընթացքում քննարկվում է ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանելիությունը։ Իսկ եթե կան որոշակի հարցեր՝ կապված ծառայողի հայտարարագրի հետ, Ներքին գործերի նախարարությունն այս մասով չունի գործառույթ, և դրանով այլ կառույցներ են զբաղվում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ոստիկանական համակարգում որևէ խնդիր չտեսնեինք, բարեփոխումները պարզապես չէինք մեկնարկի. ՆԳՆ տեղակալ

Այլ մարմիններն այս դեպքում իրավապահներն են, որոնք էլ Իոաննիսյանի դիմումը քննելուց հետո կորոշեն՝ հարուցել քրեական գործ, թե՝ ոչ։

Իրավապաշտպանի խոսքով՝ 13 հոգանոց հանձնաժողովի երկու անդամները քաղաքացիական հասարակությունից են, և եթե անգամ իրենց ձայնը որոշիչ չէ, միևնույն է, իրենց դա չի հիասթափեցնում, ընդհակառակը՝ կշարունակեն բարձրաձայնել ոստիկանության խնդիրներն այնքան, մինչև դրանք լուծվեն։ Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մեկ անգամ չեն ընդունել ոլորտի խնդիրները, շարունակ պնդում են՝ համակարգը բարեփոխման փուլում է։