Երկկողմ բանակցությունները շատ ռիսկային են, բայց ճանապարհ են դեպի խաղաղություն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ինչո՞ւ չստացվեց խաղաղության պայմանագիրը: Դեռ անցած Ամանորին ընդառաջ կային այդ հույսերը:
Դավթյան-Գևորգյան. - Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին Արցախում, ու հաշվի առնելով, որ միջազգային հանրությունն ինքն էլ որոշակի պատասխանատվություն ունի, որ այն բոլոր կարմիր գծերը, որ սահմանել էր ու խոսում էր այն մասին, որ թույլ չի տա, որ այդ գծերը հատվեն, այդ գծերը հատվել են, հետևաբար այս փուլում արդեն պետք է ավելի շատ ջանք ներդրվի, որպեսզի հարաճուն ախորժակը փոքր-ինչ զսպեն Ադրբեջանի: Մյուս կողմից պետք է հաշվի առնեն նաև, որ ինչքան էլ մեզ համար մեր խնդիրների տեսանկյունից դրանք նույնական լինեն՝ պահանջները Ադրբեջանի, բայց միջազգային-իրավական տեսանկյունից ամեն դեպքում Արցախի հանդեպ հավակնությունները և Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունները ու այդ հավակնություններին հասնելու ռազմական ճանապարհը որպես գործիք ընտրելն, ամեն դեպքում, տարբեր հարթության մեջ են դիտարկվում, ու հաշվի առնելով, որ գրեթե բոլոր դերակատարները խոսում են այն մասին, որ այս փուլում իրենց համար կարևոր է կայունությունը տարածաշրջանում, գուցե արժե մի փոքր ավելի շատ հույս ունենալ, որ կարող ենք հասնել դրան:
«Ազատություն». - Դրա համա՞ր է Ադրբեջանը խուսափում միջնորդներից ու երկկողմ բանակցությունների հրավիրում Երևանին:
Դավթյան-Գևորգյան. - Որպեսզի բացառի նաև այդ երաշխավոր կոչված ինսիտուտի ներդրումը՝ պայմանագրի կնքման համատեքստում, բայց այստեղ որքան էլ դա մեզ համար կարևոր լինի ու իսկապես շատ դժվար է այս փուլում այդ փոխվստահության բավարար մակարդակն ունենալ, որպեսզի մենք երկկողմ ինչ-որ համաձայնության հանդեպ ունենանք վստահություն, որ նրա իրագործման փուլում նույնպես խնդիրներ չենք ունենա: Բայց մյուս կողմից նաև մենք հավաստիացումներ չունենք որևէ մի կողմից, միջազգային որևէ կառույցից կամ այլ որևէ երկրից, որ ինքը պատրաստակամ է այդ երաշխավորի դերը ստանձնել: Հետևաբար այս խնդրի համատեքստում ստացվում է, որ մենք էլի հույսեր ունենք, որոնք այդքան էլ հիմնավոր չեն, և եթե շարունակենք պնդել, որ՝ չէ, առանց երաշխավորի չենք ստորագրելու ոչինչ, գուցե պարզապես չունենանք որևէ փաստաթուղթ, բայց նաև չունենանք հնարավորություն երաշխավորով փաստաթուղթ ունենալու:
«Ազատություն». - Հետևաբար կարմիր գիծ պետք չէ՞, երբ Բայրամովն ասում է Միրզոյանին՝ հանդիպենք սահմանին:
Դավթյան-Գևորգյան. - Ես կարծում եմ, ոչ: Իհարկե, շատ մեծ են ռիսկերը, բայց ես միշտ հակված եմ խնդիրներին անդրադառնալիս փորձել չմոռանալ նաև բոլոր այն ռիսկերը, որոնք այդ քայլերը չանելուց են բխում: Մենք ամեն անգամ զրուցելիս ինչ-որ կարմիր գծերի մասին էինք խոսում, որոնք մեր հանրության, մեզ, բոլորիս համար անընդունելի են, բայց, ցավալիորեն, հիմա հետահայաց նայում ենք, որ բոլոր հնարավոր կարմիր գծերը հատվել են: Եվ եթե մենք շարունակենք խոսել միայն այն մասին, թե այս քայլն անելու դեպքում ինչպիսի ռիսկեր կան և անտեսել, թե ինչ ռիսկեր կան նաև այդ քայլերը չանելու դեպքում, մենք, կարծում եմ, նույն այդ փակ շղթայից դժվար կարողանանք դուրս գալ: Հետևաբար, այո, ռիսկեր կան, բայց ընդհանուր միջազգային քաղաքական իրադրությունը ցույց է տալիս, որ այսօր Ադրբեջանը գտնվում է այնպիսի իրադրության մեջ, որ որևէ երկիր չունի բավարար լծակներ կամ չունի բավարար քաղաքական կամք ունեցած լծակները կիրառելու ու ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա, հետևաբար դժվար է, բայց գուցե ճանապարհներից մեկը ուղիղ երկխոսությունն է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.