Մատչելիության հղումներ

Խաղաղության համաձայնությունը մոտ է, անհրաժեշտ է Երևանի անկեղծ հանձնառությունը. Ամիրբեկով


Փաշինյան -Ալիև սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ կողմերը մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությանը, և վճռական այս փուլում անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երևանի անկեղծ հանձնառությունը: Այս մասին բրիտանական The Guardian-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:

«Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռական փուլում, երբ թվում է, թե վերջնական համաձայնագրից այնքան էլ հեռու չենք, մեզ իսկապես անհրաժեշտ են արդյունքների վրա հիմնված գործողություններ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ հավելելով, որ Բաքուն մասնավորապես սպասում է Երևանից խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանին։

Ադրբեջանական կողմն իր նոր առաջարկները հայկական կողմին է փոխանցել երեք օր առաջ, նախօրեին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը կուսումնասիրի այդ առաջարկները և պատշաճ կարգով կարձագանքի:

Բրիտանական թերթի հետ զրույցում Էլչին Ամիրբեկովը հիշեցրել է՝ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է հինգ հիմնական սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիություն, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության բացում։

Այժմ, ըստ ադրբեջանցի դիվանագետի, Բաքուն ցանկանում է կողմերի միջև վեճերը լուծելու մեխանիզմ ստեղծել՝ «ինչ-որ երկկողմանի հանձնաժողով, որը պետք է ստեղծվի՝ վերացնելու համաձայնագրի բոլոր թյուրըմբռնումները կամ տարաձայնությունները»։ Այդ առաջարկը, Ամիրբեկովի խոսքով, Բաքուն կցանկանար առանձին կետով տեսնել խաղաղության համաձայնագրի տեքստում։ Ովքեր են մաս կազմելու հանձնաժողովին, ինչ ձևաչափով են քննարկվելու վիճելի հարցերը՝ ադրբեջանցի պաշտոնյան չի հստակեցրել։

Խոսելով կողմերի միջև վիճելի հարցերից՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող ճանապարհի մասին է հիշատակել․ Բաքուն նախընտրում է, որպեսզի այդ ճանապարհը հենց Հայաստանի տարածքով անցնի, թեև այլընտրանք ունի՝ Իրանի տարածքով։

Ադրբեջանցի պաշտոնյան կրկին դժգոհել է՝ երեք տարի անց Հայաստանն անգամ չի սկսել 42-կիլոմետրանոց հատվածի տնտեսական-տեխնիկական հիմնավորումը, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները, նրա պնդմամբ, այլևս չեն կարող ժամանակ կորցնել, միաժամանակ, ինչպես շեշտել է՝ չեն կարող ստիպել Հայաստանին անել այն, «ինչ պարտավորվել էր անել»։

Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել, շեշտելով՝ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը։

«Անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք՝ պարտադրելու այս միջանցքը ուժով կամ նման այլ բաներով։ Ուստի, մենք դիմեցինք Իրանին որպես պլան Բ՝ Իրանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապերի ձևավորման համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Ըստ Էլչին Ամիրբեկովի՝ «այլընտրանքային երթուղու առկայությունը կարող է ստիպել Հայաստանին գիտակցել, թե որքան շատ բան կկորցնի՝ շարունակելով դիմակայել մի երթուղու, որը կարող է անցնել իր տարածքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG