Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ հայկական թաղամասը երեկ հարձակման է ենթարկվել․ ավելի քան երեք տասնյակ դիմակավորված զինված անձինք ներխուժել են հայերին պատկանող հողատարածք, ըստ հայկական կողմի՝ կան ծանր վիրավորներ:
Երուսաղեմի փոխքաղաքապետ Ֆլեր Հասան-Նահումը, մինչդեռ, ասել է, թե ոչ թե հարձակում է եղել, այլ ծեծկռտուք՝ «արաբ մահմեդական տղամարդկանց և հայ համայնքի ներկայացուցիչների միջև»։ Նրա հաղորդմամբ, կան ձերբակալվածներ՝ երկու կողմից էլ։
«Երուսաղեմ քաղաքը չի հանդուրժի ոչ մի հանցավոր գործողություն, լինի դա կրոնական դրդապատճառներով կամ այլ կերպ, և ոստիկանությունը պատասխանատվության կենթարկի մեղավորներին», - ասել է փոխքաղաքապետը The Jerusalem Post -ին։
Այս տարածքը, որ հայտնի է որպես «Կովերի պարտեզ», վեճերի կենտրոնում է հայտնվել ապրիլից, երբ հայտնի դարձավ, որ դեռևս երկու տարի առաջ Պատրիարքարանը կասկածելի պայմաններում դրա մի մասը 100 տարով վարձակալության է տվել իսրայելական մի ընկերության՝ հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքն ամիսներ շարունակ փորձում է չեղարկել գործարքը, որով Պատրիարքարանը զրկվում է մի քանի շինություններից, 5 ընտանիք՝ սեփական տնից։
Պատրարքարանը պնդում է, թե գործարքը տեղի է ունեցել խարդախությամբ, ինչի համար կալվածքների տեսչության տնօրեն, պարետ Երեցյանը կարգալույծ է արվել ու արտաքսվել։ Վարձակալ ընկերությունը, սակայն, հայկական կողմի փաստարկները չի ընդունում և փորձում է շարունակել շինարարությունը։