Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը գիտակցաբար է զոհաբերել. Սերժ Սարգսյան

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը գիտակցաբար է զոհաբերել, վարչապետի վերջին հարցազրույցից նման հետևություն է արել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այդ հարցազրույցում վարչապետը պնդում էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում, ըստ էության, չկար, սակայն այն որպես մահակ պահվել էր Հայաստանի գլխին։

«Երբ որ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա, թե որ մահակների մասին էր խոսում, կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին՝ համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի մասին էր խոսում, ո՞ւմ մասին էր խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին, միգուցե այն երկրի՞, որ մեզ միլիարդներով անվճար կամ զեղչ գներով սպառազինություն է մատակարարել», - ասաց Սերժ Սարգսյանը։

Ավելի քան մեկ ժամ տևած հարցազրույցի ընթացքում վարչապետը կոնկրետ անուններ չէր տվել, փոխարենը պնդում էր, թե ղարաբաղյան խնդրի բանակցային ողջ գործընթացում սեղանին չի եղել մի փաթեթ, որը կենթադրեր հակամարտության լուծում: Ըստ Փաշինյանի՝ բացառություն էր Մեղրիի հանձնման տարբերակը, որի պարագայում Լեռնային Ղարաբաղը միացվում էր Հայաստանին:

Սերժ Սարգսյանն այսօր սուտ որակեց վարչապետի ոչ միայն այս պնդումը, այլև այն, որ 2018 թվականին իրեն փոխանցված բանակցային բովանդակությամբ արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր:

«Ինքը պայծառատես չի, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք շատ հստակ ասել ենք՝ մենք ունենք բոլոր փաստաթղթերը։ Թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել և թող ասի՝ այ սրանով փակվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - հորդորեց նախկին նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցային 30-ամյա գործընթացում չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում, բացառությամբ մեկի. Փաշինյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կհամաձայնի արդյո՞ք Բաքուն ինքնավար կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին

Նիկոլ Փաշինյանն այդ պնդումն անելիս հիշեցնում էր բանակցային գործընթացի տարբեր փուլեր՝ սկսած 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ընդունումից մինչև 2016 թվականի ապրիլյան պատերազմին հաջորդած շրջանը: Հենց այդ փուլում, Փաշինյանի խոսքով, բանակցային բովանդակության մեջ հայտնվում է երրորդ փաստաթուղթը, որով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմերի հետ քննարկմամբ պետք է որոշեր՝ ինչպես է Լեռնային Ղարաբաղի կյանքը կազմակերպվելու: Եվ դա, ըստ Փաշինյանի, կլիներ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը մինչև վերջնական կարգավիճակի որոշումը:

«Կազանի տրամաբանությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի այս իրավիճակն արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ, 2016 թվականի օգոստոսին արձանագրվում է, որ պետք է գնանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այնտեղ քննարկենք, թե Լեռնային Ղարաբաղն իր կյանքը ոնց պետք է կազմակերպի, և դա է լինելու միջանկյալ կարգավիճակը: Այսինքն՝ սա ենթադրում է, քանի որ ամբողջը զրոյից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշելու, այն կարգավիճակը, որ ունի Լեռնային Ղարաբաղը», - ասել էր վարչապետը:

Սերժ Սարգսյանն այսօր հակադարձեց՝ նման փաստաթուղթ չկա, իսկ եթե հայտարարություններ են անում, ասաց՝ թող նաև դա հավաստող փաստաթղթեր հրապարակեն. - «Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, որ Կազանից հետո միշտ, անկախ նրանից, թե ձևակերպումներն ինչպիսին են եղել, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ Փոփոխության ենթարկվում էր {միջանկյալ կարգավիճակը}, բայց այդ փոփոխությունները էական բան չէին փոխում՝ Լեռնային Ղարաբաղը հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով, իր նշանակված կառույցներով կառավարեր կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել Արցախի համար բանակցությունների ընթացքում. Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան

ԵԱՏՄ-ին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ ստեղծվեց Վրաստանում, Ուկրաինայում. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին, քննադատեց Հայաստանի իշխանությանը՝ պնդելով, թե իր ղեկավարման տարիներին ոչ Արևմուտքից, ոչ Ռուսաստանից Հայաստանին որևէ բան չեն պարտադրել: «Ազատության» դիտարկմանը, թե արդյոք ԵԱՏՄ-ին Հայաստանի անակնկալ անդամակցությունը պարտադրանք չէր, Սարգսյանը բացասական պատասխան տվեց, ասաց՝ ինքն է երկու տարի այդ միությանը անդամակցելու առաջարկ հնչեցրել:

«Այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ իրավիճակ ստեղծվեց Մոլդովայում, Վրաստանում, ավելի վատ Ուկրաինայում և մնացած տեղերը», - հավելեց նա։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2013-ից։ Ու թեև այսօր Սերժ Սարգսյանը պնդում էր, թե այդ կառույցին անդամակցելու Երևանի որոշման մասին տեղյակ են եղել թե Արևմուտքում, թե Հայաստանում, այդուհանդերձ այդ օրը ոչ միայն հանրությունը, նույնիսկ իշխող Հանրապետականի անդամներն էին խոստովանել, որ տեղյակ չէին այդ որոշման մասին։