Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող բոլոր հայերին, «Ազատության»-ը փոխանցեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ նշելով, որ տեսակցությունների առանցքում նրանց պահման պայմանների, առողջական վիճակի, նրանց հանդեպ վերաբերմունքի հարցերն էին։
«Ցանկացած նկատառում, որը վերաբերում է այս հարցերին, քննարկվում է միայն պահող իշխանությունների հետ», - ասաց Ամատունին։
Նա նաև տեղեկացրեց, որ Բաքվում պահվող հայերին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ, առանձնազրույցներ են տեղի ունեցել և ընտանիքները ԿԽՄԿ-ի միջոցով, Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցված կարգով, ծանրոցներ են փոխանցել՝ անձնական բնույթի իրեր։
«Սա առաջին անգամ չէ, որ նրանք հարազատներից ծանրոցներ են ստանում, սա պարբերաբար, որոշակի ժամանակահատվածը մեկ կիրառվել է այս ընթացքում», - ասաց Ամատունին։
ԿԽՄԿ ներկայացուցիչը չնշեց, թե քանի հոգու են տեսակցել, սակայն ասաց, որ յուրաքանչյուրի ընտանիքի հետ մշտապես կապի մեջ են։
«Ազատության» հետ զրույցում Բաքվի բանտերում գտնվող գերիների հարազատներն ասում են, որ մոտ 30 կգ ծանրոց են ուղարկել՝ կոնֆետներ, չրեր, ծխախոտ, տաք հագուստ և այլն։
Երեկ Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին՝ պահման պայմաններն ու կալանավորների հետ վարվելու կանոնները ստուգելու նպատակով։
Խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը նաև հայտնել էր, որ «ԿԽՄԿ ներկայացուցիչները կալանավորներին են փոխանցել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»։
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվել է 16 անձ, որոնցից 6-ը զինծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիական անձինք։ Գերեվարված 16 անձանց շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացնում Արցախի նախկին ղեկավարներին