Աբդոլահիանը ժամանեց Երևան, այցին ընդառաջ նա հեռախոսազրույցներ է ունեցել Լավրովի, Բայրամովի հետ

Աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի առանձնազրույցին կհաջորդի նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

Աբդոլահիանը Հայաստանում կքննարկի Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները, այցին ընդառաջ հաղորդել է իրանական կողմը՝ նշելով, որ Աբդոլահիանն առավոտյան է ուղևորվել Երևան։

Ըստ իրանական կողմի, նա նաև խորհրդակցություններ կանցկացնի Հարավային Կովկասին առնչվող կարևոր հարցերի շուրջ նաև «3+3» ձևաչափի շրջանակներում։

Երևան այցին ընդառալ Իրանի արտգործնախարարը երեկ հեռախոսաազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Լավրովն ու Աբդոլահիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ռուսական կողմը։

Ըստ Իրանի արտգործնախարարության՝ Աբդոլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու բանակցային գործընթացը և ընդգծել Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն։

Բայրամովի հետ հեռախոսազրույցում, ըստ իրանական կողմի, Աբդոլահիանն անդրադարձել է Հայաստան կատարելիք այցին, ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը։

Ջեհուն Բայրամովն իր հերթին, դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը, հույս հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև վերջնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական վերջին գործողություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին երեկ՝ Սանկտ Պետերբուրգում, քննարկեցին խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնոդները վերջին անգամ հանդիպել էին հուլիսին եվրոպական միջնորդությամբ: Հերթական բանակցությունները նախատեսված էին նոյեմբերին՝ Գրանադայում, սակայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահը տապալեց ոչ միայն այդ, այլ նաև Բրյուսելի հանդիպումը: Տեղի չունեցան նաև արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:

Թեև դեմ առ դեմ բանակցություններ չկային, կողմերն այս ընթացքում փոխանակում էին խաղաղության պայմանագրի նախագիծը: Նախօրեին Երևանը հաստատեց՝ ստացել է փաստաթղթի 7-րդ տարբերակը: Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե հանդիպումներ սպասվում են 2024 -ին:

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել։

Երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը 2024 թվականին կյանքի կկոչվի՝ նշելով, որ «խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանին ողջունել է ձեռքսեղմումով