Ուկրաինական օդուժը ռուսական ռազմանավ է խոցել, ռուսները ցամաքով առաջ են շարժում

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ անցած գիշերը մարտական օդանավերը թևավոր հրթիռներով խոցել են Ղրիմի Ֆեոդոսիա նավահանգստի շրջանում գտնվող «Նովոչերկասկ» դեսանտային մեծ նավը։

Ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը Տելեգրամի իր էջում գրել է․ «Իսկ ռուսական նավատորմը գնալով պակասում է։ Ռուսաստանի Սևծովյա նավատորմի ֆլագման «Մոսկվա» կրեյսերին այս անգամ հետևում է «Նովոչերկասկ» դեսանտային մեծ նավը։ Շնորհակալություն եմ հայտնում օդուժի օդաչուներին և բոլոր մասնակիցներին ոսկերչական աշխատանքի համար»։

Ռազմաօդային ուժերի մամուլի խոսնակ Յուրի Իգնատը ասել է, որ գործողությունը պլանավորված էր զինած ուժերի և անվտանգային այլ ուժերի կողմից։ «Կադրերը, որ հիմա ցուցադրվում են, իրոք տպավորիչ են։ Ռազմանավ է ոչնչացվել է, ամենայն հավանականությամբ այն հզոր զինամթերքով ռազմանավ էր», - ասել է նա, նշելով՝ ռազմավանը դժվար թե շարք վերադառնա։

Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը X սոցցանցում գրել, որ Պուտինի նավատորմի վրա հերթական հարվածը ցույց է տալիս, որ սխալվում են նրանք, ովքեր համարում են, որ Ուկրաինայի պատերազմում պատային իրավիճակ է ստեղծվել։

«Նրանք չեն նկատել, որ վերջին 4 ամիսների ընթացքում ոչնչացվել է Ռուսաստանի Սևծովյա նավատորմի 20 տոկոսը», - գրել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ «Սև ծովում Ռուսաստանի գերակայությունը հիմա հարցականի տակ է»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրանի իր էջում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել ռազմաօդային ուժերին էֆեկտիվ գործողության համար, որով «ռուսական նավատորմը համալրվել է ևս մեկ անոթով»։

Ռուսական կողմը հաստատում է, որ նավը խոցվել է, բայց խոսում է ոչ թե այն կորցնելու, այլ վնասվելու մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ֆեոդոսիայի նավահանգստի վրա Ուկրաինայի օդուժի հարձակման և «Նովոչերկասկ» նավի վնասվելու մասին։

Օկուպացված Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ ուկրաինական ուժերի գիշերային հարձակման հետևանքով Ֆեոդոսիայում մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

Ավելի ուշ հաղորդվեց 4 վիրավորի մասին, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հաստատում է Ուկրաինայի ԶՈՒ կողմից դեսանտային նավի խոցումը 
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ԶՈՒ-ն պնդում է, թե Թեոդոսիա նավահանգստում դեսանտային նավ է պայթեցրել

Ինչ վերաբերում է ցամաքային գործողություններին, ռուսական կողմը երեկ հաղորդեց Դոնեցկի մոտ Մարյինկա ավանը գրավելու մասին։ Դոնեցկից 20 կիլոմետր արևմուտք ընկած այս փոքր քաղաքը, որտեղ նախկինում շուրջ 10 հազար մարդ էր ապրում, 2014 թվականից փաստացի ռազմաճակատային իրավիճակում էր, վաղուց բնակիչներ չկան, ռմբակոծությունների հետևանքով քաղաքը վերածվել է ավերակների։ Բայց դրա գրավումը ռուսական ուժերին հնարավորություն կտա զարգացնել հարձակողական գործողությունները։

Մարյինկան գրավելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ զեկուցել էր Վլադիմիր Պուտինին, ասելով, թե 9 տարիների ընթացքում ուկրաինացիները քաղաքում ստեղծել են ուժեղ ամրացված պաշտպանական համալիր, որը նաև ստորգետնյա հաղորդակցության ուղիներ ունի, բայց ռուսական բանակի զինվորականների վճռական գործողությունների շնորհիվ դրանք հաղթահարվել են։ Շոյգուի հետ երեկվա հանդիպմանը Վլադիմիր Պուտինն ասել էր, թե ջարդելով այդ ամրացված շրջանը ռուսական ուժերը հնարավորություն են ստանում «դուրս գալ ավելի ընդարձակ օպերատիվ տարածք։

Դոնեցի ռուսական վարչակազմի ղեկավարի խորհրդական Յան Գագինը ասել է, որ Մարյինկան վերցնելը շատ դժվար էր։ «Հակառակորդը երկար տարիներ նախապատրաստվել էր, որ մենք գրոհելու ենք նրանց վրա, ամրություններն այնտեղ շատ լուրջ էին, մեզանից շատ ջանքեր պահանջվեցին», - ասել է նա, հավաստիացնելով թե հակառակորդը ահռելի քանակի անձնակազմ և զինտեխնիկա է կորցրել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը այսօր տեսակապով խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրաստիճան զինվորականների հետ: Սերգեյ Շոյգուն նշել է, որ ընթացիկ տարում հիմնական ջանքերը կենտրոնացվել էին հասնելու հատուկ ռազմական գործողության նպատակներին, որոնցից գլխավորը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի, նրա դաշնակիցների կողմից բարձրագոչ հայտարարված հակահարձակումը չեզոքացնելն էր և այդ խնդիրը հաջողությամբ իրականացվել է։ Շոյգուի խոսքերով՝ ռուսական զորքերը մշտապես ավելի շահեկան դիրքեր են գրավում, բոլոր ուղղություններով ընդլայնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները։

«Մենք հետևողականորեն գնում ենք հասնելու հատուկ գործողության հայտարարած նպատակներին»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։