Փաստաբանների և իրավապաշտպանների մասնագիտական մեծ թիմ է աշխատում Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին և արցախցի այլ բանտարկյալներին ազատելու համար, «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Ես շատ շնորհակալ եմ մեր ընկերներին, ովքեր ամեն օր փորձում են անել ամեն հնարավորը», - ասել է Զոնաբենդը։
Հարցին՝ եթե հայտնի լիներ, թե ինչով կավարտվեր Ռուբեն Վարդանյանի տեղափոխությունն Արցախ, նա այլ կերպ կվարվե՞ր, Վարդանյանի կինը պատասխանել է․ - «Կարծում եմ, նա ենթադրում էր, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր որոշումը, և, այնուամենայնիվ, արեց այն, ինչ արեց: Չեմ կարծում, որ նա ակնկալում էր այս աստիճանի բացասական սցենար, բայց վստահ եմ, որ նույնիսկ այդ դեպքում նա չէր փոխի իր որոշումը։ Մեզ հասած նամակում նա գրել էր, որ ոչ մի բանի համար չի զղջում»։
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։
Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։ Նա 2022-ի սեպտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ։ 2022-ի նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Նա ղեկավարեց ընդամենը երեք ամիս՝ 2023-ի փետրվարին ազատվեց պաշտոնից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու պատճառը միայն Ադրբեջանի պահանջը չէր. Քաղաքագետ