Քաղաքական խորհրդակցություններ Բաքվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խորհրդակցությունները գլխավորել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Գրուշկոն դեկտեմբերի 21-22-ը Բաքվում միջգերատեսչական խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ, դրա շրջանակներում հանդիպել Ազիմովի, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ։

Քննարկվել են Անդրկովկասում, ԵԽ-ում ստեղծված իրավիճակը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ երկու երկրների հարաբերությունները։ Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի։

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ընդգծվել է տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու առանձնահատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում։ Բաքուն ու Մոսկվան հաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու հարցում։

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ։

Լավրովն ու Բայրամովն, ըստ ռուսական կողմի, քննարկել են երկկողմ հարաբերությունների և Հարավային Կովկասի հիմնախնդիրների շուրջ փոխգործակցության մի շարք արդիական հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը բարձր է գնահատում Ալիևի դերը ռուս-ադրբեջանական դաշնակցության ամրապնդման գործում