«Անտանելի է պատկերացնել զոհերի հարազատների ապրումները»
Վաղը՝ շաբաթ օրը, դեկտեմբերի 23-ին Չեխիայում սուգ է: Այդ մասին երեկ երեկոյան կառավարության արտակարգ նիստից հետո հայտնել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան:
«Մեզ բոլորիս ցնցել է լուրը Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում տեղի ունեցած սարսափելի սպանդի մասին: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, ազգականներին, մտերիմներին, անտանելի է պատկերացնել, թե ինչ ապրումների մեջ են այդ մարդիկ»,- ասել է վարչապետը:
Վաղը ճիշտ կեսօրին ամբողջ Չեխիայի տարածքում լռության րոպե կլինի: Սպանդն իրագործել է Կլադնոյի շրջանի Հոստոուն գյուղից 24-ամյա ուսանող Դավիդ Կոզակը:
«Հոգեկան խանգարումով ինքնամփոփ, չշփվող մարդ»
Համագյուղացիների փոխանցմամբ` նա հոգեկան խանգարումով մեկն էր, փակ, չշփվող և ինքնամփոփ: Ի դեպ, նրա ունեցած բոլոր զինատեսակներն օրինական են եղել:
Թե ինչպես էր այդ անձը մի քանի միավոր զենք ձեռք բերելու իրավունք ստացել, իրավապահները պետք է պարզեն: Ենթադրվում է, որ համալսարանի շենքում սպանդից ժամեր առաջ նա Հոստոունում սպանել է իր հարազատ հորը:
Դեկտեմբերի 21-ին նա առավոտյան մեկնել է Պրահա, որտեղ նախ այցելել է փիլիսոփայության ամբիոնի մասնաշենքերից մեկը՝ Ցելետնա 20 հասցեում, ապա տեղափոխվել է ֆակուլտետի հիմնական կորպուս՝ Յանա Պալախա 2 հասցեում, որտեղ և սկսել է կրակ արձակել մարդկանց վրա:
13 զոհ, ավելի քան 20 վիրավոր, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են: 14-րդ զոհն ինքը հանցագործն է, ով ինքնասպան է եղել: Զոհերի թվում օտարերկրացիներ չկան: Պրահայի Կարլի համալսարանում ուսանում են մեծ թվով օտարերկրացիներ, այդ թվում՝ հայեր:
Վիրավորների թվում կան երկու ուսանողներ Արաբական Միացյալ Էմիրություններից և մեկը՝ Նիդերլանդներից:
«Սարսափելի է, խոսքեր չունեմ»
«Ինչ սարսափելի է, ես այս շենքում արվեստի բաժնում թատերական ֆակուլտետի դասախոս եմ: Ես չեմ կարող խոսել»,- ասել է Իրժինա Վացկովան Կարլի համալսարանից:
«Մենք դեռ հակված ենք Պրահան դիտել որպես Եվրոպայի ամենաանվտանգ մայրաքաղաքը, քանի որ ունենք պրոֆեսիոնալ իրավապահ մարմիններ, քանի որ քաղաքացիական անձանց հրազեն է տրվում միայն արտոնագրերով»,- ասել է Մաքս Ստինիցենկոն:
Այդքան ազդակներ, բայց հանցանքը չի կանխվել
Ոստիկանները երեկ տեղեկություն են ստացել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը մեկնում է Պրահա «անձնասպան լինելու համար»: Թե ինչու նման ինֆորմացիա ստանալուց հետո իրավապահները չեն կարողացել կանխել ողբերգությունը, դա էլ պետք է քննությունը պարզի:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Դավիդ Կոզակը միայնակ է գործել, նախապես պատրաստվել և ծրագրել է սպանդը, որը, սակայն, միջազգային ահաբեկչության հետ առնչություն չունի:
«Երբ տեսել է, որ մոտենում ենք՝ անձնասպան է եղել»
Պրահայի ոստիկանության ղեկավար Պետր Մատեյչիկն այսօր որոշ մանրամասներ է փոխանցել մարդասպանի կյանքի վերջին վայրկյանների մասին:
«Շնորհիվ այն բանի, որ գործողությունների տարածքը փոքրացել է, քանի որ մենք սկսել էինք մոտենալ, նա հասկացել է, որ ելք չկա, և որ իր ունեցած զինատեսակով այլևս չի կարող դիմադրել, ու տեղում ինքնասպան է եղել»,- ասել է Պրահայի ոտսիկանության ղեկավար Պետր Մատեյչիկը:
Օրինակ են ծառայել Բրյանսկի և Կազանի ողբերգությունները
Դավիդ Կոզակը լավ է սովորել, իմացել է մի քանի լեզու: Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ նա դեկտեմբերի 9-ին Տելեգրամ ալիքում էջ է բացել և ռուսերեն լեզվով գրել է, թե ոգևորված է Կազանում և Բրյանսկում զանգվածային սպանդերի օրինակով, ափսոսանք է հայտել, որ այնտեղ քիչ մարդ է զոհվել, և ավելացրել է, թե ցանկանում է նման բան կրկնել: Իրավապահները դեռ պետք է պարզեն այդ գրառումների իսկությունը:
Արդյո՞ք նման ողբերգություն չի կրկնվի Հայաստանում
Այսօրինակ սարսափելի հանցագործությունն ակամա ստիպում է մտորել՝ արդյո՞ք նման հանցագործություններ չեն կարող կրկնվել որևէ երկրում, օրինակ, Հայաստանում, որտեղ ամենայն լրջությամբ քննարկում են զենքի շրջանառման օրենքներն ազատականացնելու հնարավորությունները:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և այդ մասին գրառում է տեղադրել X-ում: