Մատչելիության հղումներ

Չեխիայում դեկտեմբերի 23-ը սգո օր է հայտարարվել


Չեխիայում շաբաթ օրը սգո օր է հայտարարվել` ի հիշատակ Պրահայի Կարլի համալսարանում զինված անձի կողմից սպանվածների, հաղորդում է BBC-ին։

«Շաբաթ օրը սգո օր է։ Պետական շենքերի բոլոր դրոշները կխոնարհվեն, իսկ կեսօրին մեկ րոպե լռությամբ կհարգենք զոհվածների հիշատակը», - ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Մարզական և մշակութային մի շարք միջոցառումներ հետաձգվել են։

Հինգշաբթի ուշ երեկոյից քաղաքացիները մոմեր են վառում և ծաղիկներ խոնարհում համալսարանի շենքի մոտ։

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր «տխրությունն» ու «զայրույթն» է հայտնել «կյանքի անհարկի կորստների համար»։

Ըստ Չեխիայի ոստիկանության՝ Կարլի համալսարանում երեկ Չեխիայի ժամանակով ժամը 15-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, առնվազն 24-ը՝ վիրավորվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի 24-ամյա ուսանող էր։ Նա անկանոն կրակել է շենքի միջանցքներում և դասասենյակներում։

BBC-ին նշում է, որ ենթադրյալ հանցագործը, որը ըստ ոստիկանության, «չեզոքացվել է», կասկածվում է նաև իր հոր սպանության համար և հնարավոր է առնչություն ունի նաև անցած շաբաթ երկու մարդու մահվան հետ։

BBC-ին, վկայակոչելով ոստիկանությունը, նշում է, որ զինված ուսանողը նախկինում քրեական անցյալ չի ունեցել, թեև ոստիկանությունը «զենքի և զինամթերքի հսկայական զինանոց» է հայտնաբերել:

Մինչ կրակոցները ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ կասկածյալը, մոտակա քաղաքից մեկնում է Պրահա՝ ենթադրաբար ինքնասպանության մտադրությամբ: Կարճ ժամանակ անց տղամարդու հորը մահացած են հայտնաբերել, հաղորդում է BBC-ին։

XS
SM
MD
LG