Մատչելիության հղումներ

Արդիական Չեխիայի պատմության ամենաողբերգական զանգվածային սպանդը


Չեխիայի ոստիկանապետ Մարտին Վոնդրաշեկը և ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը, Պրահա, 21-ը դեկտեմբերի, 2023թ.
Չեխիայի ոստիկանապետ Մարտին Վոնդրաշեկը և ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը, Պրահա, 21-ը դեկտեմբերի, 2023թ.

«Արդիական Չեխիայի Հանրապետության պատմության ընթացքում ամենաողբերգական զանգվածային սպանդը»՝ այդպես են Չեխիայի ղեկավարները որակել չքնաղ Պրահայի ամենակենտրոնական հատվածում՝ միշտ մարդաշատ հայտնի Կարլի կամրջից և Ռուդոլֆինումի համերգասրահից ոչ հեռու գտնվող Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանցագործությունը:

Անձը, որին այժմ անվանում են Դավիդ Կ., ենթադրաբար 24 տարեկան է, ուսանող է, Կլադնոյի շրջանից:

Դեկտեմբերի 21-ի կեսօրին Կլադնոյի շրջանի Հոստուն բնակավայրում հայտնաբերել են մի տղամարդու դի, ըստ պաշտոնապե դեռ չհաստատված հաղորդագրությունների՝ մահացածը Դավիդ Կ.-ի հայրն է:

Ավելի ուշ Դավիդ Կ.-ն հասել է Պրահա, եղել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի Ցելետնա 20 հասցեում գտնվող շենքում (ամբիոնը մի քանի շենքեր ունի Պրահայում), ապա ուղևորվել է ամբիոնի գլխավոր շենք, որտեղ գտնվում է ֆակուլտետի դեկանատը՝ Յան Պալախի 2:

Ժամը 15-ի սահմաններում ոստիկաններն ահազանգ են ստացել փիլիսոփայության ամբիոնի շենքում կրակոցների մասին: Ըստ Չեխիայի ոստիկանության նախագահ (այդպես են Չեխիայում անվանում ոստիկանապետին) Մարտին Վոնդրաշեկի, հատուկ ջոկատը 12 րոպե անց հասել է համալսարանի շենք:

Դավիդ Կ.-ն շենքում սպանել է ավելի քան 10 մարդկանց, իսկ հետագայում ոստիկանները հայտնել են, որ զոհերի թիվը գերազանցում է 15-ը, կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում:

Ըստ ոստիկանության նախագահի, Դավիդ Կ.-ին հայտնաբերել են սպանված. նա կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ սպանվել է շենք ներխուժած հատուկ ջոկատայինների կրակոցից: Նրա մահվան ստույգ հանգամանքը դեռ պարզ չէ:

Ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանի փոխանցմամբ՝ ոստիկանական գործողությունը շարունակվում է, իրավապահները զննում են շենքը, քանի որ կան չստուգված հաղորդագրություններ շենքում պայթուցիկի տեղադրման մասին:

Չեխիայի նախագահ Պետր Պավելն ընդհատել է Ֆրանսիա կատարած այցը և վերադառնում է երկիր: Վարչապետ Պետր Ֆիալան Պրահայում երեկոյան ժամը 9-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) կառավարության արտակարգ նիստ է գումարելու:

Դավիդ Կ.-ի արարքի դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանները տեղում հայտնաբերել են «Վինչեսթեր» տեսակի հրազեն հիշեցնող հրացան, որն, ըստ մասնագետների, որպես կանոն օգտագործվում է մարզական մրցումներում, բայց այն փոփոխված է եղել և ունեցել է օպտիկական նշանառման սարք:

Ըստ ներքին գործերի նախարարի, տեղի ունեցած սպանդը միտումնավոր և լավ նախապատրաստված գործողություն էր: Չի բացառվում, որ Դավիդ Կ.-ն ուներ ինչ-ինչ հոգեկան խնդիրներ, բոլոր դեպքերում՝ տեղի ունեցածը կապ չունի միջազգային ահաբեկչության հետ:

Ոստիկանապետը և ներքին գործերի նախարարը ճեպազրույցում հանրության ներողությունն են հայցել կենտրոնում փողոցները փակելու, տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու և դրանով մարդկանց անհանգստություն պատճառելու համար: Նրանք կրկնել են, որ ոստիկանական գործողությունը շարունակվում է, և մարդկանց հորդորել են անհարկի դուրս չգալ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ:

Նրանք նշել են, որ դեկտեմբերի 21-ի երեկոյան դրությամբ հրապարակված բոլոր տեղեկությունները սոսկ նախնական են, տուժածների թիվը, դժբախտաբար, կարող է ավելանալ:

XS
SM
MD
LG