Քոչարյանի փաստաբանները դատարանից պահանջում են վերացնել Լևոն Քոչարյանի ու Սիրուշոյի գույքի վրա դրված արգելանքը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Հակակոռուպցիոն դատարանից պահանջում են վերացնել երկրորդ նախագահի որդու ու հարսի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը: Ապօրինի գույքի բռնագանձման գործով պետությունն արգելանք է դրել նաև, մասնավորապես, Լևոն Քոչարյանին ու նրա կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող ավելի 21 միլիարդ դրամի, շուրջ 52 միլիոն դոլարի ու «Սիրուշո փրադաքշն» ընկերության վրա։

Այսօրվա դատական նիստին երկրորդ նախագահը ներկա չէր։

«Եթե Ռոբերտ Քոչարյանից բացի, որևէ այլ անձի գույքի նկատմամբ արգելանք ենք դնում, պետք է մենք առնվազն շատ հստակեցնենք և ասեն՝ մեր կարծիքով՝ այս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, սպեցիֆիկ գույքը, դրամական միջոցները պատկանում են Ռոբերտ Քոչարյանին, քննարկման առարկա դառնա, և հայցի ապահովման փուլում կարող է դատարանի գնահատի, որ այո, այդ փուլի համար բավարար է, որ մենք մենք գնահատենք, հետո կպարզենք», - ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են՝ որևէ հիմք չկա հենց նախկին նախագահին չպատկանող գույքերի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու համար։

«Որևէ կերպ չեն կարող պնդել, որ օրինակ՝ Լևոն Քոչարյանի եկամուտները, բացի աշխատավարձից, պետք է ավտոմատ արգելանքի տակ դնել, որովհետև դե կարող է պարզվի, որ իրենն է կամ իրենը չէ», - ասաց Արամ Օրբելյանը։

Գլխավոր դատախազությունը դեմ չէ, որ վերացվի «Սիրուշո փրադաքշն» ընկերության վրա դրված արգելանքը։ Մեղադրող դատախազ Գևորգ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ երգչուհուն պատկանող ընկերությունը ևս սկզբում գնահատվել է ապօրինի ձեռքբերված, հետո այն այդ ցանկից հեռացվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետությունը ցանկանում է Քոչարյաններից բռնագանձել ավելի քան 60 մլն դոլար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեժ երկխոսություն Փաշինյանի և Լևոն Քոչարյանի միջև՝ խորհրդարանում

«Կողմի միջնորդությունն էլ այն էր, որ եթե այդ ընկերության հետ կապված պահանջ չկա, ի՞նչ իմաստ ունի այդ ապահովման միջոցները, ինչին ես առարկություն չներկայացրի, որովհետև այդ ընկերությանը պահանջ չունենք, կիրառված ապահովման միջոցներն էլ ենթակա են վերացման», - ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է ավելի քան 21 միլիարդ դրամի վրա դրված արգելանքի վերացմանը, դատախազությունն այս մասով առարկություն ունի. - «Մեր դիրքորոշումն այն է, որ դրամական միջոցների վրայից ամբողջությամբ կիրառված ապահովման միջոցները ճիշտ չի լինի հանել, որովհետև այդ դրամական միջոցների մեջ ներառված են նաև Ռոբերտ Քոչարյանին վերագրվող որոշակի միջոցներ, և այդ մասով պետք է կիրառված ապահովման միջոցները պահպանվեն»։

Պետությունը նախկին նախագահից ու ընտանիքի անդամներից ցանկանում է բռնագանձել ավելի քան 60 միլիոն դոլարի գույք ու դրամական միջոցներ։ Բռնագանձման ցանկում են Երևանում գտնվող մի քանի տասնյակ գույք, ավտոկայանատեղիներ ամենակենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, մի քանի բանկերում բաժնետոմսեր, մեքենաներ, ներդումներ, փոխառություններ, տարբեր ընկերություններում մասնաբաժիններ, այդ թվում՝ «Տոյոտա Երևանի» 30 տոկոսը, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսը, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսը, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի բաժնեմասերը։

Երկրորդ նախագահի ընտանիքի անդամները չեն ընդունում, որ այս ունեցվածքն ապօրինի է, պնդում են, թե բիզնես գործունեության արդյունքում են միլիարդավոր դոլարներ կուտակել։