«Վարդան Ղուկասյանը պետությանը պատճառել է շուրջ 35 մլն դրամի վնաս». 4 տարի անց գործի նախաքննությունն ավարտվեց

Քննչական կոմիտեն ավարտել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն, իսկ դատախազությունն այն այսօր ուղարկել է դատարան։ Քննիչներից չորս տարի պահանջվեց ուսումնասիրությունն ավարտելու համար, կոմիտեից ասում են՝ ծավալը մեծ էր։

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը 2019-ից մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։ Անցած տարեվերջին այս հոդվածներին ևս մեկն ավելացավ՝ փողերի լվացում։ Ըստ քրեական գործի՝ նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին պետությանն ու Գյումրիին պատկանող անշարժ գույքի մի մասը օտարել է ինքն իրեն, մի մասը՝ եղբոր հետ հավասարաչափ բաժնետեր հանդիսացող Ամբերդ ՍՊԸ-ին, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով օտարվել է իր մտերիմներին, և դրանք ի վերջո նվիրատվության տեսքով վերադարձվել են Ղուկասյաններին։ Իրավապահները հենց այստեղ են տեսել փողերի լվացման հանցակազմ։

Ի վերջո քանի՞ գույքի ու ի՞նչ գումարի վնասի մասին է խոսքը, գործը քննող քննիչ Վոլոդյա Մուրադյանն ասաց. - «24 անուն գույքի մասին է խոսքը, սակայն ներկայացված մեղադրանքները դրվագներով տարբեր են, ցանկացած գույքի օտարման մեջ կա և՛ պաշտոնեական կեղծիքի կատարում, կա և՛ պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Այդ իսկ պատճառով գույքերը 24-ն են, սակայն ներկայացված մեղադրանքների ընդհանուր դեպքը՝ 54, ներառյալ փողերի լվացում։ Ընդհանուր համայնքին և պետության պատճառվել է շուրջ 35 մլն դրամի վնաս»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հանցանքներին երկու նոր դրվագ է ավելացվել

Գյումրիի կենտրոնում է գտնվում 24 անուն գույքը, այս դեպքում ինչո՞ւ է վնասի չափն այդքան քիչ կազմում, քննիչը պատասխանեց. - «Նշված վնասը հաշվարկվել է տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված կադաստրային արժեքով»։

2000-ականներին Գյումրին ղեկավարած Ղուկասյանների շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանն այսօր հեռախոսազանգերին չպատասխանեց, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ մինչև 12 տարի ազատազրկում նախատեսող փողերի լվացման մեղադրանքն ապօրինի է, վաղեմության ժամկետն էլ անցել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր քրեական հետապնդում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա եղբոր ու որդու դեմ

Վաղեմության ժամկետ կիրառել - չկիրառելու հարցն արդեն դատարանը կորոշի, ասում է քննիչ Մուրադյանը։

Վաղեմության ժամկետն արդեն կիրառվել էր գործով անցնող համայնքապետարանի նախկին 5 աշխատակիցների նկատմամբ։ Փաստաբան Հայրապետյանը պնդում էր, որ փողերի լվացման հոդվածով մեղադրանք ներկայացնելով փորձ է արվում Ղուկասյաններից գույքը խլել։

Նախկին քաղաքապետի ընտանիքը Գյումրիում տարիներ շարունակ ամենաազդեցիկներից էր, բացի բիզնեսներից, ընտանիքի անդամները նաև տարբեր քրեական պատմություններում են ներգրավված։

Ի դեպ, Ղուկասյանի օտարած գույքի ցանկում կան շինություններ, որոնք գտնվում են Կումայրի պատմական արգելոցի հաշվեկշռում։ Նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Մեղադրյալի աթոռին նրանից բացի, նաև որդին ու եղբայրն են։