Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հանցանքներին երկու նոր դրվագ է ավելացվել


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Իրավապահները երկու նոր դրվագ են ավելացրել Գյումրիի նախկին քաղաքապետին վերագրվող ենթադրյալ հանցանքներին՝ այս անգամ նրան մեղադրանք առաջադրելով փողերի լվացման ու մշակութային հուշարձանի ոչնչացման համար։

Հայաստանի երկրորդ քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը դեռ 2019-ին հարուցված քրեական գործով արդեն իսկ մեղադրյալ էր 38 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։

«Պարզվել է, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից առկա են փողերի լվացման և եկամուտներն օրինականացնելու և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու վերաբերյալ առերևույթ դեպքեր։ Մասնավորապես, համայքնի նախկին ղեկավարի կողմից 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը Գյումրի համայնքի ղեկավար հանդիսացող անձը հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս։ Հանցավոր ճանապարհով օրինականացվել է նաև պետական սեփականություն հանդիսացող հողամաս, նաև նախկին զինվորական սովխոզի երկու միավոր հողամաս», - «Ազատության» հետ զրույցում ասաց դատախազ Արմեն Օսեյանը։

Նրա փոխանցմամբ, Ղուկասյանը պետությանն ու համայնքին պատկանող անշարժ գույքի մի մասը օտարել է ինքն իրեն, մի մասը՝ եղբոր հետ հավասարաչափ բաժնետեր հանդիսացող «Ամբերդ» ՍՊԸ-ին, իսկ մյուս մասն էլ ուղղակի վաճառքով օտարվել է իր մտերիմներին, և դրանք ի վերջո նվիրատվության տեսքով ետ են եկել Ղուկասյաններին։

Ըստ Օսեյանի, հենց այս գործընթացում են իրավապահները առերևույթ նոր հանցակազմ տեսել. - «Գործողությունների արդյունքում իրականացվել է փողերի լվացում»։

Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը մինչդեռ պնդում է, որ փողերի լվացման այս նոր մեղադրանքի առաջադրմամբ նպատակ կա բռնագանձել Ղուկասյաններին պատկանող գույքը։ Փողերի լվացման հոդվածը նաև մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսում. - «Եթե ուզում են քաղաքացուց գույք խլել, Քրեական օրենսգրքում ամենահեշտ տարբերակը նախատեսված է էս հոդվածը՝ կապված ապացուցողական շեմի հետ։ Եվ էս հոդվածով նաև քաղաքացու վրա է դրված ապացուցման պարտականությունը։ Թեև քրեական դատավարությունը հռչակում է, որ անձը իր անմեղությունն ապացուցելու պարտավորություն չունի, և պետությունը պետք է ապացուցի անձի մեղավորությունը, բայց կոնկրետ նմանատիպ հոդվածներով անձի վրա դրված է գույքի ձեռք բերման օրինականությունը ապացուցելու պարտավորություն»։

Դատախազը հերքում է փաստաբանի այս պնդումը. - «Դա բացառապես իրավական պրոցես է, և տրված են համարժեք գնահատականներ։ Այս փուլում դեռևս ընթանում է նախաքննություն, առավել մանրամասներ ես իհարկե իրավասու չեմ հայտնելու, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն»։

Արմեն Օսեյանից նաև հետաքրքրվեցինք, թե այդ ի՞նչ պատմամշակութային հուշարձան է վնասել Վարդան Ղուկասյանը. - «Պատմության, մշակույթի անշարժ հուշարձանը գտնվում է Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում։ Անշարժ հուշարձան է, որն էլ ըստ էության առանց համապատասխան գերատեսչության թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում վնասվել է։ Նրանց վերաբերյալ առկա է նաև համապատասխան փորձագիտական եզրակացություն քրեական վարույթով։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել»։

Հասցեն, որի մասին խոսում է դատախազը, պատմական Գյումրին ընդգրկող արգելոցի տարածքում է, գյումրեցի Դրամփյանների գերդաստանի տունն է եղել նախորդ դարում։ Ի դեպ, շենքի այդ հատվածում մի քանի տարի է, ինչ գործում է Ղուկասյանների ընտանիքին պատկանող ավտոսպասարկման օբյեկտը։

Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանն ասում է՝ մեղադրանքի մի շարք դրվագներում վաղեմության ժամկետն անցել է. - «Ավելին ասեմ, քրեական գործը հարուցելու պահին է անգամ էդ ժամկետները անցած եղել։ Այսինքն՝ քրեական գործի հարուցումը արդեն ապօրինի է, իրավունք չունեին էդ քրեական գործը հարուցելու»։

Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատախազության առաջադրած նոր մեղադրանքը. - «Էս մեղադրանքը պաշտպանության կողմը միանշանակ բողոքարկելու է և միանշանակ վիճարկելու է էս մեղադրանքը։ Դա փաստ է»։

Նոր մեղադրանքի մասին, ըստ փաստաբանի, իմացել են դատախազության կայքից։

Երեկ Վարդան Ղուկասյանը ներկայացել է նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ, ինչպես նախորդ դեպքում, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։

XS
SM
MD
LG