Տեղ գյուղում «հանձնարարականները ձախողելու» Փաշինյանի հայտարարությունից ինը ամիս անց որևէ մեղադրյալ չկա

Արխիվ

Տրված հանձնարարականների կատարումը ձախողելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մոտ ինն ամիս անց Սյունիքի մարզի Տեղ գյուղի հարակից տարածքներ ադրբեջանական առաջխաղացման համար որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են՝ հարուցված քրեական գործով որևէ անձի դեռ մեղադրանք չի ներկայացվել:

Ապրիլին գործը հարուցվել է զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարտական առաջադրանքի կամ այլ ռազմական միջոցառման խափանում: Այս հոդվածով չորսից ութ տարվա ազատազրկում է սահմանված։

Գարնանը Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման հետևանքով հայկական կողմն ունեցավ ոչ միայն տարածքային, այլ նաև մարդկային կորուստներ: 4 զինծառայող զոհվեց, 6-ը վիրավորվեցին: Արյունալի այդ բախումից ուղիղ մեկ օր անց վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոստովանեց, թե այդ իրավիճակը կանխատեսելի էր, և հենց դրա համար ինքը կոնկրետ անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ: Վարչապետը պնդեց՝ դրանց կատարումը ձախողվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները հետ չի ստացել. ավագանու անդամ 

Թե ովքեր և ինչ պայմաններում են ձախողել Փաշինյանի հանձնարարությունը, մինչ օրս հայտնի չէ: Շուրջ ինը ասմվա քննությունից հետո իրավապահներին ևս չի հաջողվել ստանալ այս հարցի պատասխանը։ Այդ օրերին ոչ միայն վարչապետը, այլ նաև իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ հնարավոր պատասխանատուների անուններ չէին տալիս, փոխարենը պնդում էին՝ մեղավորների շրջանակը կպարզի քննությունը:

Այդ օրերին պաշտոնանկ արվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, բայց պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց՝ արդյոք նրան հեռացնելու պատճառն այս միջադեպն էր։

Առնվազն կալանավորված անձինք պետք է լինեին, եթե իսկապես հանձնարարականները չեն կատարվել. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարակուսած է՝ ինչպես կարող են իրավապահներն ամիսներ շարունակ քննել այդ աղմկահարույց միջադեպը, սակայն որևէ պաշտոնյայի մեղադրանք չներկայացնել: Ըստ նրա՝ առնվազն կալանավորված անձինք պետք է լինեին, եթե իսկապես հանձնարարականները չեն կատարվել։

«Բացառում եմ ուղղակի, որ նա հանձնարարական տված լիներ, հետևողական լիներ, և նրանք չկատարեին, այսինքն՝ ինչպե՞ս են տրվում այդ հանձնարարականները։ Եթե մի մարդ այդ ահազանգը ստանում է, որ թշնամին ներխուժել է Տեղ գյուղ և բլոկբաստերի մասին է խոսում, նա ինչպե՞ս կարող է լուրջ հանձնարարական տալ իրավապահ մարմիններին», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Ադրբեջանցիները Տեղ - Աղավնո ճանապարհի հարևանությամբ տեղակայվեցին, երբ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ պետք է փոխվեր Արցախը Հայաստանին կապող երթուղին։ Ժամեր անց Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ սահմանային 5 կետերում ադրբեջանցիները մինչև 300 մետր ավելի առաջ են տեղակայվել։

Հետագայում հայկական կողմը թեև հավաստիացնում էր, որ համայնքի հարակից դիրքերում իրավիճակը բարելավվել է, սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ բարելավման մասին էր խոսքը, երբ ադրբեջանական զինուժն այդպես էլ դուրս չեկավ Տեղ գյուղի հողատարածքներից։

Իրավապաշտպանն այս ֆոնին հիշեցնում է անվտանգային խնդիրների մասին Նիկոլ Փաշինյանի տարբեր փուլերում արած հայտարարությունները, որոնք, ըստ Ալեքսանյանի, մի նպատակ ունեն՝ փակել քաղաքական պատասխանատվության հարցը:

«Որևէ ոլորտում, ընդհանրապես որևէ հարցում այս իշխանությունն առանձնանում է պատասխանատվության բացակայությամբ, և մենք շատ ենք տեսնում, որ Փաշինյանն այն, ինչ որ իր հրամանագրի կամ իր հրահանգի, իր բանակցելու և այլ հարցերում, որ ինքն է անմիջապես պատասխանատու, ինչպես է դա փորձում փոխանցել այլոց վրա, կամ ընդհանրապես գերադասում են լռել և ոչինչ չտեղեկացնել, ինչպես այդ օրն էր՝ Տեղ գյուղի», - նկատեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հողից զրկված Տեղ համայնքի բնակիչները պետությունից դեռ փոխհատուցում չեն ստացել

Բացի նրանից, որ Տեղ գյուղի դեպքերի առնչությամբ պաշտոնյաների պատասխանատվության շրջանակը պարզ չէ, մինչ օրս փոխհատուցում չեն ստացել նաև այն գյուղացիները, որոնց արտերում ադրբեջանցիները գարնանը դիրքավորվեցին ու խրամատներ փորեցին: